Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի
5 րոպեի ընթերցում

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի է հիմնվում, որի առաջին ծառը՝ սոսին, տնկվել է Մեսրոպ Մաշտոցի արձանի մոտ։ Նախաձեռնության նպատակն է մեկտեղել մշակութային և բնական ժառանգությունը՝ ստեղծելով կանաչ միջավայր, որը կունենա նաև կրթական ու մշակութային նշանակություն։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա էին Մատենադարանի, պետական կառույցների և «Արմենիա Թրի Փրոջեքթ» կազմակերպության ներկայացուցիչներ։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը նշեց, որ այգու հիմնադրումը երկարատև համագործակցության արդյունք է։ Նրա խոսքով՝ «Արմենիա Թրի Փրոջեքթ» կազմակերպության հետ համագործակցության ընթացքում հիմնվել է Մատենադարանի վերականգնողական թղթի արտադրամասը, որի արտադրանքն օգտագործվում է հայկական գրավոր ժառանգության վերականգնման աշխատանքներում, այդ թվում՝ Հայաստանի սահմաններից դուրս։

«Սա զուտ այգու հիմնում չէ։ Սա առավելապես քաղաքակրթական հայտ է: Մատենադարանի հիմնադիր տնօրեն Լևոն Խաչիկյանը դեռևս 1970-ական թվականներին բարձրացրել էր կառույցի արտաքին միջավայրի բարեկարգման հարցը։ Այժմ իրականացվում է նաև նրա երազանքը»,-ասաց Խզմալյանը։
Նրա խոսքով՝ այգին բազմաֆունկցիոնալ է լինելու. ունենալու է նաև կրթական և մշակութային նշանակություն։ Նախատեսվում է առանձնացված գոտիներում աճեցնել միջնադարյան ձեռագրերում պատկերված բույսեր և դեղաբույսեր։ Այգում կօգտագործվեն նաև թթազգի ծառատեսակներ, որոնցից ստացվող հումքն անհրաժեշտ է Մատենադարանի վերականգնողական թղթի արտադրության համար։

Մատենադարանի տնօրենը հույս հայտնեց, որ նախաձեռնությանը կմիանան նոր կազմակերպություններ և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ՝ ընդգծելով, որ ծրագրի արդյունքները ծառայելու են հայ ժողովրդին և հասարակությանը։
ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն իր հերթին նշեց, որ հայկական մշակույթում ծառը դարեր շարունակ ընկալվել է որպես կյանքի, պտղաբերության, երկարակեցության և կենսունակության խորհրդանիշ։

«Այսօր Մատենադարանի այգու հիմնարկեքով մենք խորհրդանշական կամուրջ ենք ստեղծում մեր հարուստ ձեռագրային ժառանգության և կենդանի բնության միջև: Նախաձեռնությունը կարևորում է մշակութային և բնական ժառանգության պահպանության փոխկապակցվածությունը՝ ընդգծելով պետական և միջազգային կառույցների, մասնավոր հատվածի ու մասնագիտական համայնքների ներգրավվածության անհրաժեշտությունը»,- ասաց նա:
Կարապետյանն անդրադարձավ նաև COP17-ի շրջանակում հոկտեմբերի 24-ին նախատեսված «Բնություն և մշակույթ» գագաթնաժողովին, որի ընթացքում քննարկվելու է մշակութային ժառանգության և ավանդական գիտելիքների դերը կենսաբազմազանության պահպանության գործում։
«Արմենիա Թրի Փրոջեքթ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանն էլ ընդգծեց նախաձեռնության կարևորությունը՝ նշելով, որ հիմնադրամն արդեն 10 միլիոն ծառ է տնկել։

Նրա խոսքով՝ Մատենադարանի այգում նախատեսվում է տնկել Հայաստանի բնաշխարհին բնորոշ ծառեր ու բույսեր, որոնց թվում՝ թթազգի ծառատեսակներ։ Տարածքի մի հատված նվիրված է լինելու նաև ամերիկահայ գիտնական և հասարակական գործիչ Վարդան Գրիգորյանին։
Ծառատունկին հաջորդեց «MEA CULPA. ժառանգած և ժառանգվող աշխարհներ» խորագրով ցուցահանդեսի բացումը, որն անցկացվում է COP17-ի միջոցառումների շրջանակում։

Մատենադարանի թանգարանի ղեկավար Իվեթ Թաջարյանի խոսքով՝ ցուցահանդեսը երկխոսության մեջ է դնում միջնադարյան մանրանկարների հարուստ ժառանգությունն ու Վալենտին Պոդպոմոգովի «Mea Culpa» կտավը։

Նա նշեց, որ կտավը նախազգուշացում է մարդկությանը՝ ցույց տալով, թե ինչպես կարող են պատերազմներն ու միջուկային զենքը հանգեցնել քաղաքակրթության կործանման և ոչնչացնել մարդու ստեղծած մշակութային արժեքները։ Կտավում պատկերված են տարբեր հին քաղաքակրթությունների հուշարձաններ, այդ թվում՝ Զվարթնոցը։

Թաջարյանի խոսքով՝ կտավի շուրջ ներկայացվել են Մատենադարանում պահվող միջնադարյան ձեռագրեր և ձեռագրակազմեր։ Ցուցադրության մեջ առանձնացված են աշխարհի արարման, Ադամի և Եվայի, բնության, բույսերի ու ծաղիկների թեմաները՝ տարբեր դարաշրջանների և մանրանկարչական դպրոցների օրինակներով։
«Կտավի և այդ ձեռագրերի համադրության շնորհիվ մենք փորձում ենք մարդուն մտածելու տեղիք տալ»,- նշել է նա։
Թաջարյանը նշեց, որ ցուցահանդեսում ներկայացված է շուրջ 20-25 ձեռագիր և յոթ ձեռագրակազմ։