Մշակույթ

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

11 րոպեի ընթերցում

Մխիթար Սեբաստացու 350-ամյակին նվիրված Հայագիտական միջազգային կոնգրեսը Մատենադարանում է համախմբել մասնակիցների 16 երկրից

Հայագիտության ոլորտում ընթացող փոխակերպումները տեսանելի դարձնելու, գիտական համայնքի բարձր իրազեկվածությունն ապահովելու նպատակով երրորդ անգամ Հայաստանում անցկացվում է Հայագիտական միջազգային կոնգրեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոնգրեսը, որին մասնակցում են աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ, գիտնականներ և մասնագետներ, մեկնարկեց հուլիսի 22-ին Մատենադարանում։

Մեկնարկը տրվեց կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի «Հայաստան» ստեղծագործությամբ, որը կատարեց «Հովեր» երգչախումբը։ Այսուհետ «Հայաստան» երգը կուղեկցի Մատենադարանի պաշտոնական արարողությունները։

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանի խոսքով՝ պատահական չէ, որ «Հայաստան» երգը Մատենադարանին է ընծայաբերվում հենց Երրորդ հայագիտական միջազգային կոնգրեսի շրջանակում. կոնգրեսը նվիրվում է հայ հոգևոր անցյալի ամենալուսավոր դեմքերից մեկի՝ Մխիթար Սեբաստացու 350-ամյակին։

«Կան վայրեր, որոնց նշանակությունը չափվում է ոչ թե ֆիզիկական սահմաններով, այլ աշխարհի մտավոր քարտեզում զբաղեցրած ծավալով ու կշռով։ Այսպիսին է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը՝ հայագիտության եվրոպական օրրանը։ Մխիթար Սեբաստացին հանգրվանել է  Վենետիկի ծովածոցի այդ գողտրիկ կղզում և ձևավորել է հայկական մտքի մի նոր աշխարհագրություն։ Սա իր ժամանակի համար խիզախություն էր, իսկ պատմության չափումներով՝ քաղաքակրթական ցատկ։ Այդ քայլը ոչ թե աշխարհից հեռանալու, այլ աշխարհին ընդառաջ գնալու, ոչ թե մեկուսացման, այլ ինքնընդլայնման ու ներթափանցման վճիռ էր։ Մխիթար Սեբաստացու առաջնորդությամբ այդ կղզին ժխտեց կղզիացումը։ Նա շարունակեց իր հանճարեղ նախորդների առաքելությունը՝ հայ մշակույթն ու միտքը դարձնելով համաշխարհային մտավոր հաղորդակցության անբաժանելի մասը»,-շեշտեց Խզմալյանն ու հավելեց՝ դեռ կենդանության օրոք Սեբաստացուն մեծարել են երկրորդ Լուսավորիչ,  երկրորդ Մեսրոպ և այլ բարձր պատվանուններով։

Խզմալյանը կարծում է՝ դժվար է ամբողջապես գնահատել հոգևոր, գիտական, մշակութային ժառանգությունը, որ Մխիթարյան միաբանությունը թողել է մեզ, առավել դժվար է գնահատել այն գաղափարը, որ մեզ է ավանդել Մխիթար Սեբաստացին՝ ազգային ինքնությունն ու մշակույթը կենսունակ են այնքանով, որքանով մտնում են համաշխարհային մտքի ստեղծարար երկխոսության մեջ։ «Նա իր կյանքով ու գործով օրակարգից հանեց «փոքր ժողովուրդ» հասկացությունը, հաստատեց այն ճշմարտությունը, որ ժողովուրդները չափվում են աշխարհի մտավոր փոխակերպումներում իրենց մասնակցության և ներկայության ծավալով։ Իր լայնահուն աշխարհայացքով ու մտահորիզոնով է նաև ուղենիշ Մխիթար Սեբաստացին։ Մատենադարանն ու Մխիթարյան միաբանությունը մեկ ավանդույթի երկու հանգրվաններն են՝ աշխարհիկ և կրոնական, այն ավանդույթի, որում ճանաչողությունը չի ընդհատվում,  իսկ նյութեղեն խորհրդանիշը՝ ձեռագիրը, ոչ միայն հիշողության վկայություն է, այլև ապագան ձևակերպելու լեզու և ժողովրդի պատմական ներկայության վավերացում»,-ընդգծեց Արա Խզմալյանը։

Ըստ նրա՝ հոբելյանն իր ճշմարիտ իմաստով անցյալի հիշատակության և մեծարման առիթ չէ միայն, այլ յուրատեսակ ինքնաքննություն՝ արդյոք կարողացե՞լ  ենք մեր գրավոր գանձարանին հաղորդել գիտական լիարժեք իմաստավորում, այն դարձնել համաշխարհային ակադեմիական շրջանառության բաղկացուցիչ, լայնորեն հասանելի մարդկությանն ու ապահովել նրա պահպանության և վերականգնման այնպիսի մակարդակ, որին արժանի է այդ բացառիկ ժառանգությունը։

«Այս հոբելյանն առիթ է ևս մեկ անգամ կարևորելու հայերեն ձեռագրական հավաքածուների պահպանման ու հանրահռչակման ռազմավարության մշակման, դրա շուրջ պետական օղակների, մասնավոր հատվածի, հոգևոր հայրերի և գիտնականների համախմբվածության և միասնական հանձնառության հրամայականը,  իսկ վերոնշյալ ուղղություններով խնդիրների պակաս չկա. հազարավոր աղբյուրներ մնում են չուսումնասիրված, կարոտ են նորոգության և բուժման, ուստի հապաղելու իրավունք չունենք»,-ասաց Մատենադարանի տնօրենն ու հորդորեց ավելի համախմբել, ավելի ամրապնդել քայլ առ քայլ նվաճվող փոխվստահությունը տարբեր հաստատությունների միջև։

ՀՀ ԿԳՄՍ նախարար, Մատենադարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը փաստեց՝ այն գաղափարը, որի շուրջ քննարկումներ են անցկացրել երեք տարի առաջ, այսօր արդեն իրականություն է, և ձևավորված է միջավայր՝ հայագիտության կարևոր խնդիրների շուրջ խոսակցություն ծավալելու և այդ խնդիրների շուրջ ինստիտուցիոնալ աշխատանք կատարելու համար։

Նրա խոսքով՝ կոնգրեսը ոչ միայն խոսակցության, այլև գործի տեղ է, որտեղ հնչեցրած յուրաքանչյուր միտք, միասին ձևավորած յուրաքանչյուր ընկալում ունենում է իր շարունակությունը յուրաքանչյուրի առաքելության և գործի մեջ՝ որպես առօրյա անելիք։

«Մենք քննարկել ենք նաև այս կոնգրեսի շրջանակում ձևավորվող ներուժն ավելի լավ օգտագործելու հնարավորությունները և վստահ ենք, որ այս երեք տարվա փորձառությունը տալիս է բավարար հիմք  խոսելու հայագիտության ոլորտում ավելի ինստիտուցիոնալ մոտեցումների ամրագրման և դրանց միջոցով ավելի հետևողական աշխատանքի իրականացման մասին։ Վստահ եմ, որ այս օրերին հնարավորություն կունենանք այս գաղափարներն ավելի մանրամասն քննարկել և դրանց հիմքի վրա հետագա քայլերը ծրագրել»,-ասաց Անդրեասյանը։

Նախարարը հիշեցրեց, որ ՀՀ բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքի կարևորագույն սկզբունքներից և ուղղություններից մեկը հայագիտության զարգացումն է, իսկ հունվարին ՀՀ կառավարությունը հաստատել է նաև գիտության ոլորտի զարգացման ռազմավարությունը, որում հայագիտությունը շեշտադրված է որպես գիտության զարգացման առաջնահերթ ուղղություն։

«Հայագիտությունն ունի էմոցիոնալ, պատմական, անձնական նշանակություն, սակայն շատ կարևոր է հիշել, որ հայագիտության մասին խոսելիս առաջին հերթին խոսում ենք գիտության մասին, ինչը որոշակի չափանիշներ է ենթադրում, և հայագիտության զարգացման լավագույն ուղղվածությունը պետք է լինի ամենաբարձր ստանդարտներով գիտական հետազոտության իրականացումը»,-շեշտեց Անդրեասյանն ու հավելեց՝ հայագիտությունը համաշխարհային գիտության ուղղություն է։

ՀՀ-ում Իտալիայի դեսպան Ալեսանդրո Ֆերրանտին մեծ պատիվ համարեց կոնգրեսի շրջանակում տոնել Մխիթարյան միաբանության հիմնադրի՝ Մխիթար Սեբաստացու 350-ամյակը, մարդու, որն Իտալիայի և Հայաստանի միջև  խոր արմատներ ունեցող մշակութային կապերի խորհրդանիշն է։

«Սեբաստացին նշանավոր մտավորական էր, աստվածաբան, որն իր կյանքը նվիրեց հայկական ժառանգության պահպանմանը և գիտելիքին՝ հանուն վեհ նպատակի։ Նրա ժառանգությունը պահպանվել է։ Այդ բացառիկ ժառանգությունը պահպանվում է Սուրբ Ղազար կղզու վանքի գրադարանում, որտեղ անցյալ տարվա դեկտեմբերին ընտանիքիս հետ այցելելու պատիվն եմ ունեցել. այն ներառում է շուրջ 150 հազար գիրք՝ ընդգրկելով թեմաների լայն շրջանակ և ավելի քան 4 հազար 500 հայկական ձեռագիր, ինչն այն դարձնում է հայկական ձեռագրերի երկրորդ խոշորագույն հավաքածուն՝ զիջելով միայն Մատենադարանում պահվող հավաքածուին։  Գնահատելով այս բացառիկ արժեքը՝ Իտալիան նույնպես աջակցում է գրադարանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ռեգիստրում ընդգրկվելու հայտը»,-ասաց դեսպանը։

Նա հավաստիացրեց՝ իտալական և հայկական համայնքները միավորող մշակութային երկխոսությունն անհերքելի է, և Երևանում Իտալիայի դեսպանությունը մեծ կարևորություն է տալիս այդ կապերի ամրապնդմանը։

«Հոբելյանի կապակցությամբ մենք աջակցել ենք մի շարք կարևոր նախաձեռնությունների. հովանավորել ենք Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացած համերգը՝ նվիրված Մխիթար Սեբաստացու ստեղծագործություններին, ինչպես նաև՝ Հայաստանի կենտրոնական բանկի թողարկված հուշադրամի շնորհանդեսը։ Մեր ակադեմիական հանրույթը կիսում է Հայաստանի մշակութային ժառանգության  պահպանմանն ու խթանմանն ուղղված մեր հանձնառությունը, ինչի վկայությունն են թե՛ համաժողովին մասնակցող իտալացի ականավոր գիտնականները  և թե՛ հայագիտական ​​ծրագրերն ու դասընթացները,  որոնք իրականացվում են իտալական հինգ համալսարաններում՝ Վենետիկում, Բոլոնիայում, Միլանում, Պիզայում և Հռոմում»,-շեշտեց Ֆերրանտին։

Դեսպանը հավաստիացրեց, որ կոնգրեսի պես նախաձեռնությունները երաշխավորում են, որ գիտելիքը չի մնում սահմանափակված կամ մեկուսացված, այլ դառնում է տարածվող, հարստացող և փոխանցվող։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ անցկացվող Երրորդ հայագիտական միջազգային կոնգրեսը, որը կեզրափակվի հուլիսի 24-ին, համախմբել է աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետների, գիտնականների և մասնագետների։

Կոնգրեսի շրջանակում նախատեսված են մի շարք մշակութային միջոցառումներ. Մատենադարանի գիտական մասնաշենքում՝ Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված հատուկ ցուցադրություն է սպասվում, Մատենադարանի թանգարանում բացվելու է «1 տարվա հավերժությունը. Մատենադարանի ձեռագրական համալրումները» ցուցադրությունը, գրքատոնը, որի ընթացքում կներկայացվեն հայագիտական նոր հրատարակություններ և Մատենադարանի հրատարակչական նորույթները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում