Մշակույթ

Սյունիքի հնագիտական ժառանգությունը կարող է միջազգային համագործակցության կարևոր հարթակ դառնալ․ Նժդեհ Երանյան

17 րոպեի ընթերցում

Սյունիքի հնագիտական ժառանգությունը կարող է միջազգային համագործակցության կարևոր հարթակ դառնալ․ Նժդեհ Երանյան

Հայաստանի պատմության թանգարանում իրականացվող հետազոտական ծրագրի շրջանակում ուսումնասիրվում են Սյունիքի հնագիտական ժառանգության թանգարանացման գործընթացները, պետական և համայնքային թանգարանների ու հավաքածուների ձևավորումը, ինչպես նաև համայնքների դերը մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման գործում։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆինանսավորմամբ Հայաստանի պատմության թանգարանում իրականացվում է «Սյունիքի հնագիտական ժառանգությունը․ թանգարանները, հավաքածուները և համայնքային ներգրավվածությունը» հետազոտական ծրագիրը։ Ծրագրի մանրամասների, Սյունիքի հնագիտական ժառանգության պահպանության խնդիրների և միջազգային համագործակցության ներուժի վերաբերյալ «Արմենպրես»-ը զրուցել է ծրագրի ղեկավար, Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանի հետ։

- Պարոն Երանյան, ինչո՞ւ անհրաժեշտություն առաջացավ առանձին հետազոտություն իրականացնել Սյունիքի հնագիտական ժառանգության թանգարանացման վերաբերյալ։ Ի՞նչ ծավալի նյութի մասին է խոսքը։

- Հայաստանի թանգարանային հավաքածուները հետազոտողների համար հարուստ և բազմաշերտ աղբյուր են։ Դրանց ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս անդրադառնալ ոչ միայն առանձին ժամանակաշրջանների պատմությանն ու մշակույթին, այլև հասկանալ, թե ինչպես է հնագիտական ժառանգությունը հավաքվել, պահպանվել, ուսումնասիրվել և ներկայացվել հանրությանը։ «Սյունիքի հնագիտական ժառանգությունը․ թանգարանները, հավաքածուները և համայնքային ներգրավվածությունը» գիտահետազոտական ծրագիրն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանում՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Երիտասարդ գիտաշխատողների հետազոտությունների աջակցության ծրագիր – 2025» մրցույթի շրջանակում։ Ծրագրի օտարերկրյա գործընկերն է Միջերկրածովյան և արևելյան ուսումնասիրությունների միջազգային ասոցիացիայի՝ ISMEO-ի անդամ դոկտոր Ռոբերտո Դանը։ Հետազոտական խմբում ընդգրկված են ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Ռուբեն Հովսեփյանը, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը և ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի մագիստրանտ Վիկտորիա Գաստյանը։ Ծրագրի գաղափարը ձևավորվել է մեր տարբեր հետազոտությունների ընթացքում։ Աշխատելով Սյունիքից ծագող նյութերի հետ՝ տեսնում էինք, որ դրանք զգալի ծավալ ունեն և պահպանվում են ոչ միայն պետական թանգարաններում, այլև դպրոցական հավաքածուներում, փոքր համայնքային թանգարաններում և առանձին բնակիչների մոտ։ Այդ նյութերի մի մասը երբևէ չի հրատարակվել կամ պատշաճ կերպով չի փաստագրվել։ Որոշ նմուշներ պատահական գտածոներ են, որոնց հայտնաբերման հանգամանքների մասին տեղեկությունները սահմանափակ են։ Առանձին ուշադրության են արժանի փոքր՝ այսպես կոչված վերնակուլյար կամ տեղական նախաձեռնությամբ ստեղծված թանգարանները։ Դրանցից շատերը հիմնադրվել են դեռևս նախորդ դարի կեսերին՝ որևէ անհատի, հաճախ՝ պատմության ուսուցչի նախաձեռնությամբ։ Այսօր այդ հավաքածուները շարունակում են պահպանել հիմնադիրների ժառանգները կամ համայնքի այլ անդամներ։ Դրանք կարևոր տեղական նախաձեռնություններ են, սակայն մասնագիտական և նյութական սահմանափակ հնարավորությունների պատճառով հավաքածուները միշտ չէ, որ պատշաճ կերպով են հաշվառվում, պահպանվում և ներկայացվում։ Հետազոտությունը, սակայն, միայն թանգարանների ու հավաքածուների ուսումնասիրություն չէ։ Մեզ համար առանցքային է նաև համայնքային ներգրավվածությունը։ Փորձում ենք հասկանալ, թե երբ, ինչ պայմաններում և ում նախաձեռնությամբ են ստեղծվել Սյունիքի թանգարանները, ինչու են դրանք ձևավորվել հենց տվյալ համայնքներում և այսօր ինչ դեր ունեն համայնքի կյանքում։ Ուսումնասիրում ենք նաև, թե ինչպես է հնագիտական ժառանգությունն արտացոլվում տեղական ինքնության, հիշողության և ժամանակակից մշակութային գործունեության մեջ, օրինակ՝ խեցեգործ վարպետների աշխատանքներում։

 - Ձեր ուսումնասիրությունների նախնական փուլում ի՞նչ պատկեր է բացահայտվել։ Սյունիքի հնագիտական ժառանգության ո՞ր մասն է այսօր պատշաճ կերպով պահպանվում և ներկայացվում թանգարաններում։

- Հետազոտությունը դեռ ընթացքի մեջ է, ուստի այս փուլում դժվար է ճշգրիտ գնահատել, թե Սյունիքի հնագիտական ժառանգության որ մասն է պատշաճ կերպով պահպանվում և ներկայացվում։ Արդեն ակնհայտ է, սակայն, որ խնդիրները վերաբերում են ինչպես պահպանությանը, այնպես էլ ցուցադրությանը և գիտական փաստագրմանը։ Սյունիքում գործող թանգարաններն ունեն շենքեր, ֆոնդեր և ձևավորված հավաքածուներ, բայց դրանց պահպանման պայմանները, մասնագիտական կարողությունները և ցուցադրության որակը տարբեր են։ Միևնույն ժամանակ, Սյունիքից հայտնաբերված նյութերը պահվում են ոչ միայն մարզի թանգարաններում։ Որոշ հավաքածուներ կան նաև Հայաստանի պատմության թանգարանում և Հայաստանի այլ հավաքածուներում։ Ուսումնասիրում ենք նաև ռուսաստանյան արխիվներում և թանգարաններում պահվող նյութերը՝ հատկապես ցարական ժամանակաշրջանի հնագիտական աշխատանքների և հավաքածուների պատմությունը վերականգնելու համար։ Ծրագրի շրջանակում իրականացնում ենք Սյունիքին վերաբերող հավաքածուների հնարավորինս ամբողջական փաստագրում և տվյալների բազայի ստեղծում՝ անկախ նրանից, թե տվյալ առարկան այսօր որտեղ է պահվում։ Հաջորդ փուլում կքննարկենք նաև այդ տվյալների հանրայնացման հնարավոր ձևերը։ Սյունիքը Հայկական լեռնաշխարհի հնագույն և շարունակաբար բնակեցված տարածաշրջաններից է։ Այստեղ առկա են քարի դարից մինչև նոր ժամանակներ թվագրվող հնագիտական նյութեր։ Հետևաբար, խոսքը ծավալուն, տարբեր ժամանակաշրջաններ ու մշակութային երևույթներ ընդգրկող ժառանգության մասին է։

 - Ինչպե՞ս է ձևավորվել Սյունիքի գործող թանգարանների հնագիտական հավաքածուների հիմնական մասը՝ պեղումների, պատահական գտածոների, նվիրատվությունների, թե՞ այլ ճանապարհով։

- Սյունիքից ծագող առաջին թանգարանային հավաքածուները ձևավորվել են դեռևս ցարական ժամանակաշրջանում։ Տարածաշրջանում աշխատել են Կայսերական հնագիտական ընկերության հետ կապված արշավախմբեր, իսկ ավելի ուշ նյութերի հավաքագրմամբ զբաղվել են նաև Ե. Լալայանը, Ս. Տեր-Ավետիսյանը, Ստ. Լիսիցյանը և ուրիշներ։ Հավաքածուների զգալի մասը ձևավորվել է գիտական պեղումների արդյունքում։ Միևնույն ժամանակ, քիչ չեն պատահական գտածոները, որոնք տարբեր ժամանակներում հանձնվել են թանգարաններին կամ մնացել մասնավոր հավաքածուներում և դպրոցներում ստեղծված փոքր ցուցադրական անկյուններում։ Այդ գործընթացը շարունակվում է նաև այսօր։ Օրինակ՝ ամիսներ առաջ Սիսիանի շրջակայքում պատահաբար դամբարաններ էին բացվել, իսկ ներկայում պեղումներ են իրականացվում Դիցմայրի բնակավայրում։ Սակայն Սյունիքի հնագիտական ժառանգության պահպանության ամենալուրջ խնդիրներից մեկը գանձագողությունն է։ Մետաղաորսիչ սարքերի միջոցով մարդիկ ապօրինաբար որոնում և հողից դուրս են բերում հնագիտական առարկաներ։ Այս երևույթը տարածված է ամբողջ Հայաստանում, բայց Սյունիքը դրա առավել ակտիվ գոտիներից մեկն է։ Խնդիրը միայն առանձին առարկաների կորստով չի սահմանափակվում։ Երբ հնագիտական իրը հանվում է իր սկզբնական միջավայրից՝ առանց մասնագիտական փաստագրման, կորում է նաև դրա համատեքստը՝ տեղեկությունը գտնվելու վայրի, շերտի, հարակից նյութերի և ժամանակագրության մասին։ Արդյունքում վնասվում է ոչ միայն հուշարձանը, այլև նվազում է տվյալ առարկայի գիտական արժեքը։ Այս խնդրի լուծման համար անհրաժեշտ են հետևողական պետական քաղաքականություն, օրենսդրության արդյունավետ կիրառում, մասնագիտական կառույցների համագործակցություն և հանրային իրազեկում։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ համակարգված աշխատանքի դեպքում հնարավոր է զգալիորեն սահմանափակել ապօրինի որոնումներն ու հնագիտական արժեքների շրջանառությունը։

- Սյունիքում հնագիտական պեղումներ են իրականացվում տարբեր հուշարձաններում։ Որքանո՞վ են պեղումների արդյունքները հասանելի տեղի բնակչությանը, և արդյո՞ք բնակիչները տեսնում են այդ աշխատանքների արդյունքը։

- Սա կարևոր հարց է, քանի որ հնագիտական պեղումների արդյունքները չպետք է մնան միայն մասնագիտական զեկույցներում և գիտական հրապարակումներում։ Դրանք պետք է հասանելի լինեն նաև այն համայնքներին, որոնց տարածքում իրականացվում են աշխատանքները։ Սյունիքում հնագիտական ուսումնասիրությունները շարունակվում են բավական ակտիվ։ Դրանց նպատակներից են ոչ միայն նոր գիտելիքի ձեռքբերումը, այլև հուշարձանների պահպանումը, իսկ որոշ դեպքերում՝ վերականգնումն ու հետագա օգտագործման հնարավորությունների ստեղծումը։ Սակայն այդ աշխատանքի արդյունքները հանրությանը ներկայացնելը ևս պետք է դիտարկվի որպես ծրագրերի կարևոր բաղադրիչ։ Լավ օրինակ է Կապանի երկրագիտական թանգարանի արդիականացված ցուցադրությունը։ Իր հավաքածուով և ներկայացման մոտեցումներով այն Երևանից դուրս գործող լավագույն թանգարաններից մեկն է։ Ցուցադրությունում ներառված են նաև վերջին տարիներին պեղումների, պատահական հայտնաբերումների և այլ ճանապարհներով թանգարան մուտք գործած նյութեր։ Հնագիտական առարկաներ երբեմն հայտնաբերվում են նաև շինարարական կամ զինվորական ինժեներական աշխատանքների ընթացքում։ Համապատասխան կառույցների հետ համագործակցության դեպքում դրանք փոխանցվում են թանգարաններին, ուսումնասիրվում և երբեմն ընդգրկվում ցուցադրություններում։ Հայաստանի պատմության թանգարանում նույնպես ցուցադրվում են Սյունիքի տարբեր հուշարձանների՝ վերջին տարիների պեղումներից ստացված նյութեր։ Այդուհանդերձ, անհրաժեշտ է ավելի հետևողական աշխատանք, որպեսզի համայնքների բնակիչները տեղեկանան ոչ միայն պեղումների ընթացքի, այլև դրանց արդյունքների մասին։ Դրան կարող են նպաստել տեղական ցուցադրությունները, բաց դասախոսությունները, դպրոցների հետ ծրագրերը, հնավայրերում կազմակերպվող այցելությունները և հանրամատչելի հրատարակությունները։

- Ի՞նչ կարող ենք ակնկալել ծրագրի ավարտին։

- Ծրագիրն ունի մի քանի փոխկապակցված արդյունք։ Նախատեսվում են գիտական հրապարակումներ։ Երկու հոդված պետք է հրատարակվեն միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական հանդեսներում, որոնցից մեկն արդեն լույս է տեսել։ Նախատեսված են նաև զեկուցումներ գիտաժողովներում և հրապարակումներ տեղական գիտական հանդեսներում։ Ծրագրի հիմնական արդյունքներից մեկը պատկերագիրքն է, որտեղ կներկայացվեն Հայաստանի տարբեր թանգարաններում և հավաքածուներում պահվող՝ Սյունիքից ծագող հնագիտական նյութեր։ Նախատեսում ենք այն հրատարակել 2027 թվականի սկզբին։ Միաժամանակ, ծրագրի արդյունքները չեն սահմանափակվում միայն գիտական հրապարակումներով։ Մեզ համար կարևոր է համայնքների և համայնքային թանգարանների հետ աշխատանքը։ Արդեն կազմակերպվել է մասնագիտական սեմինար Սյունիքի թանգարանների աշխատակիցների համար։ Մարզի տարբեր թանգարաններից առարկաներ են բերվում Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման լաբորատորիա, որտեղ դրանք ուսումնասիրվում, վերականգնվում և վերադարձվում են իրենց թանգարաններ։ Պարբերաբար մասնագիտական խորհրդատվություն է տրամադրվում նաև հավաքածուների հաշվառման, պահպանության և ներկայացման հարցերով։ Ակնկալում ենք, որ ծրագիրը ոչ միայն նոր գիտական տեղեկություններ կտրամադրի Սյունիքի հնագիտական ժառանգության մասին, այլև գործնական ազդեցություն կունենա մարզի թանգարանների և համայնքների համար։ Կարևոր է, որ հետազոտության արդյունքները հասանելի լինեն նաև այն մարդկանց, որոնց միջավայրում այդ ժառանգությունը ձևավորվել և պահպանվել է։

 - Ի՞նչն է առանձնահատուկ Սյունիքի հնագիտական ժառանգության մեջ՝ միջազգային գիտական տեսանկյունից։

- Սյունիքը տարբեր ժամանակաշրջաններում կարևոր դեր է ունեցել Հայկական լեռնաշխարհի պատմության մեջ։ Տարածաշրջանի նախալեռնային և լեռնային գոտիներն ակտիվորեն բնակեցվել են առնվազն բրոնզի դարից, իսկ ուրարտական և հետուրարտական ժամանակաշրջաններում այն կարևոր կապող տարածք էր Ուրարտուի և հարակից շրջանների միջև։ Սյունիքում տեսանելի են տեղական ավանդույթների և ավելի լայն տարածաշրջանային մշակութային գործընթացների փոխազդեցությունները։ Հնագիտական նյութերը հնարավորություն են տալիս ուսումնասիրելու բնակավայրերի զարգացումը, թաղման սովորույթները, արտադրական գործունեությունը, առևտրային կապերը և մշակութային փոխանակումները։ Տարածաշրջանի բնական պաշարները, հատկապես մետաղական հանքանյութերը, նույնպես կարևոր դեր են ունեցել նրա պատմության մեջ։ Հավանական է, որ Սյունիքը տարբեր ժամանակաշրջաններում ոչ միայն հումքի, այլև պատրաստի արտադրանքի մատակարարման աղբյուր է եղել հարակից տարածքների համար։ Սա հնարավորություն է տալիս Սյունիքի նյութերը դիտարկելու ոչ միայն Հայաստանի, այլև Հարավային Կովկասի և Առաջավոր Ասիայի տնտեսական ու մշակութային կապերի համատեքստում։ Տարածաշրջանի նշանակությունը պահպանվել է նաև հետագա դարերում։ Միջնադարում և նոր ժամանակներում այն շարունակել է մնալ կարևոր հաղորդակցական, տնտեսական և մշակութային տարածք։ Ցարական շրջանում այստեղ զարգացել են նոր ճանապարհներ, արդյունաբերական կենտրոններ և քաղաքային բնակավայրեր։ Այս ամենը Սյունիքը դարձնում է երկարատև պատմական գործընթացների ուսումնասիրության հետաքրքիր դաշտ։

 - Ձեր գնահատմամբ՝ Սյունիքի հնագիտական ժառանգությունը կարո՞ղ է միջազգային գիտական և մշակութային համագործակցության ավելի լայն հարթակ դառնալ։

- Սյունիքի հնագիտական ժառանգությունն այդպիսի հնարավորություն ունի, բայց միայն հարուստ նյութի առկայությունը բավարար չէ։ Մի կողմից ունենք մեծ գիտական հետաքրքրություն ներկայացնող հուշարձաններ և հավաքածուներ, որոնք կարող են ուսումնասիրվել ու ներկայացվել տեղական և միջազգային հարթակներում։ Մյուս կողմից՝ դեռևս կան ենթակառուցվածքային և մասնագիտական խնդիրներ։ Անհրաժեշտ է բարելավել հավաքածուների պահպանության պայմանները, ցուցադրությունները, վերականգնման հնարավորությունները և գիտական փաստագրումը։ Կարևոր են նաև մասնագետների շարունակական վերապատրաստումը, միջազգային գործընկերների հետ երկարաժամկետ ծրագրերը և տեղական համայնքների մասնակցությունը։ Այս խնդիրների ուղղությամբ համակարգված աշխատանքի դեպքում Սյունիքը կարող է ընդունել միջազգային հետազոտական խմբերի, համատեղ պեղումներ և գիտական ծրագրեր, կազմակերպել ցուցադրություններ ու մասնագիտական փոխանակումներ։ Մեր հետազոտությունը կարելի է դիտարկել որպես այդ ճանապարհի քայլերից մեկը․ այն օգնում է հասկանալ առկա ռեսուրսները, բացերը և զարգացման հնարավորությունները։ Աշխատանքը դեռ շարունակվում է, բայց արդեն պարզ է, որ Սյունիքի հնագիտական ժառանգությունը միջազգային համագործակցության համար զգալի ներուժ ունի։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում