Գեղարքունիքում իրականացված ծրագրերի համար ՀՀ կառավարությունը հատկացրել է 482 միլիոն 346 հազար դրամ
2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության 2026 թվականի օգոստոսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ երեք սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման նպատակով Գեղարքունիքի մարզին հատկացնել 482 միլիոն 346 հազար դրամ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 152 միլիոն 274.6 հազար դրամ հատկացվել է Մարտունի-Երանոս բնակավայրերն իրար միացնող 4,9 կմ ճանապարհի ասֆալտապատման աշխատանքների համար։
17 միլիոն 410.4 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ-Ծովինար, Ծովինար-Վարդենիկ, Վարդենիկ-Զոլաքար, Աստղաձոր-Վաղաշեն, Մարտունի-Ներքին Գետաշեն, Ծակքար-Ծովասար և Վարդաձոր-Ձորագյուղ բնակավայրերն իրար միացնող 6,8 կմ երկարության կենտրոնական ճանապարհների լուսավորության համակարգերի կառուցման աշխատանքների համար, որոնց արդյունքում նշված բնակավայրերում արդեն տեղադրվել է 220 հենասյուն և լեդ լուսավորության համակարգ։
312 միլիոն 661.0 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Վերին Գետաշեն, Մադինա, Լիճք, Երանոս բնակավայրերում 9,4 կմ երկարության ոռոգման համակարգերի կառուցման համար։ Աշխատանքների իրականացման արդյունքում նշված բնակավայրերում կոռոգվի 340 հեկտար հողատարածք։