Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին
2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի բակային և հանրային տարածքների բարեկարգումը կշարունակվի 2027 թվականին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, համայնքապետարանն ամիսներ առաջ հանդես էր եկել նախաձեռնությամբ, որի արդյունքում Սևան քաղաքի մի շարք տարածքներում՝ Իտալիայի այգի, Պրահա-Վինոր այգի, Նալբանդյան փողոց թիվ 12, 24, 26 շենքերի բակային տարածք, Շինարարների փողոց, 3, 5 շենքերի հյուսիսային հատված, Աբովյան փողոց, 5, 7, 9, 11, 13, 15 շենքերի բակային տարածք, արդեն մեկնարկել են բարեկարգման աշխատանքները:
Սևան քաղաքում բարեկարգման և հիմնանորոգման աշխատանքները կատարվում են համայնքի բյուջեի ֆինանսական միջոցներով:
Պրահա-Վինոր այգում մեկնարկած բարեկարգման աշխատանքներն իրականացվում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և համայնքի համաֆինանսավորմամբ։
2026 թվականին մեկնարկած բակերի և այգիների բարեկարգման ծրագրերը լինելու են շարունակական։
Սևան համայնքի կողմից պատվիրված բակային տարածքների բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերն արդեն պատրաստ են, և 2027 թվականին արդեն իսկ բարեկարգվող բակային տարածքների և այգիների ցանկն ավելանալու է նոր հասցեներով։
Համաձայն արդեն իսկ առկա փաստաթղթերի՝ 2027 թվականին հիմնանորոգվելու են Սևան քաղաքի Կարմիր բանակ փողոց 2 շենքի, Հ. Շիրազ փողոց 20 շենքի, 5-րդ միկրոթաղամասի, Գրիբոյեդովի փողոց 1 շենքի և Սարգիս Սևանեցի փողոցի 1 շենքի, Շինարարների փողոց 1 շենքի և Նալբանդյան փողոց 55, 57 շենքերի, Նաիրյան փողոց 171 շենքի, Գրիբոյեդովի փողոց 22 շենքի, Նաիրյան 2-րդ փակուղու, Էներգետիկների փողոց 1 և 3 շենքերի, Կարմիր Բանակի փողոց 35 շենքի, Նաիրյան փողոցի 150 շենքի, Գագարին բնակավայրի բակային տարածքները:
«Ըստ անհրաժեշտության՝ ցանկը կվերանայվի, և ցանկում ներառված տարածքները կավելանան։
Առաջիկա ամիսներին և տարիներին սևանցիները կստանան ժամանցի ու հանգստի ներկայանալի և բարեկարգ տարածքներ՝ կահավորված, հարմարավետ ու անվտանգ վիճակում»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: