Մշակույթ

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

3 րոպեի ընթերցում

Գյումրու դրամատիկական թատրոնում նշվեց Սրբուհի Բաբայանի 75-ամյակը

Գյումրու դրամատիկական թատրոնում նոյեմբերի 1-ին կայացավ Հայաստանի պարի պետական համույթի մենապարուհի, «Մովսես Խորենացի» մեդալակիր Սրբուհի Բաբայանի 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգը։

Հոբելյանական համերգը «Շիրակի էսքիզներ» պարի հանրապետական 18-րդ մրցույթ-փառատոնի գալա-համերգի մասն էր։

Գալա-համերգին նախորդել էր մրցույթ-փառատոնը, որն անցկացվել էր երեք տարիքային խմբերում և երեք անվանակարգերում՝ հնարավորություն ընձեռելով տարբեր տարիքի պարային խմբերին և կատարողներին ներկայացնելու իրենց արվեստը, ստեղծագործական կարողություններն ու պարարվեստի ավանդույթների հանդեպ իրենց մոտեցումները։

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Շիրակի էսքիզներ» պարի հանրապետական մրցույթ-փառատոնի նախագծի ղեկավար Լիլիթ Թովմասյանը, միջոցառումը նվիրված էր հայ պարարվեստի երախտավորներից մեկին՝ Սրբուհի Բաբայանին, որի վաստակն իսկապես արժանի է նման հոբելյանական միջոցառման, և տրամաբանական է, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել նաև մշակութային ավանդույթներով հարուստ Գյումրիում։

«Սրբուհի Բաբայանը Հայաստանի պարի պետական անսամբլի չորս մենապարուհիներից մեկն է եղել։ Նրա կենսագրությունը շուրջ չորս տասնամյակ անքակտելիորեն կապված է անսամբլի ստեղծագործական, համերգային և բեմական գործունեության ու պատմության հետ։ Նրա վաստակն իսկապես արժանի է նման հոբելյանական միջոցառման, և միանգամայն տրամաբանական է, որ նախաձեռնությունը կյանքի է կոչվել նաև մշակութային ավանդույթներով հարուստ Գյումրիում։ Այս տարիների ընթացքում Սրբուհի Բաբայանի և Գյումրու միջև ձևավորվել են ամուր համագործակցային կապեր։ Մասնավորապես, նա մշտապես նախագահել է «Շիրակի էսքիզներ» պարի հանրապետական մրցույթ-փառատոնի ժյուրին՝ ունենալով արդյունավետ և բեղմնավոր համագործակցություն։ Նա իր մանկավարժական հարուստ փորձն ու վարպետությունը փոխանցել է փառատոնի մասնակից երիտասարդ ղեկավարներին և պարուսույցներին»,-նշեց Լիլիթ  Թովմասյանը։

Հոբելյանի առթիվ Սրբուհի Բաբայանին հանձնվեցին պատվոգրեր և շնորհակալագրեր։ Որպես հարգանքի ու երախտագիտության արտահայտություն՝ բեմում հանդես եկան Գյումրու համույթները։ Սակայն երեկոյի ամենահուզիչ անակնկալներից մեկը Հայաստանի պարի պետական անսամբլի ելույթն էր։ Անսամբլի պարողները բեմ բարձրացան իրենց կատարմամբ շնորհավորելու Սրբուհի Բաբայանին՝ այն արվեստագետին, որի ստեղծագործական ուղին անքակտելիորեն կապված է հայ պարարվեստի պատմության հետ։

Միջոցառման նախաձեռնությունը «Մանուկյան» ընկերությանն էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում