Մոսկվայում կայացել է «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը
2 րոպեի ընթերցում

Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացել է «Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը, որի շրջանակում «Մոսպրոդյուսեր» համերգասրահում իրականացվել է երկու մեծամասշտաբ համերգային ծրագիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փառատոնը մեկ հարթակում համախմբել է տարբեր քաղաքներից և երկրներից ժամանած պարային համույթների, մասնակիցների և հայկական պարարվեստի ներկայացուցիչների՝ դառնալով մշակութային համագործակցության, ստեղծագործական փորձի փոխանակման և ազգային արժեքների հանրահռչակման կարևոր հարթակ։

Փառատոնի չորս փուլերն ամփոփվել են հոբելյանական եզրափակիչ միջոցառմամբ՝ մասնակիցներին հնարավորություն ընձեռելով ներկայանալու միջազգային բեմում, ցուցադրելու իրենց ստեղծագործական ներուժը և արժանիորեն ներկայացնելու հայկական պարարվեստը։

«Ծաղկունք» միջազգային փառատոնը տարիների ընթացքում ձևավորվել է որպես մշակութային համագործակցության միջազգային հարթակ՝ միավորելով Հայաստանից և արտերկրից ժամանած պարային համույթներին։ Այն նպաստում է հայկական ազգային պարի պահպանմանը, զարգացմանն ու տարածմանը, ինչպես նաև տարբեր երկրների մշակութային համայնքների միջև կապերի ամրապնդմանը։

Փառատոնի կազմակերպիչ, «Կամուրջ» մշակութային կենտրոնի գործունեության առանցքում հայկական պարարվեստի և մշակույթի զարգացումն ու հանրահռչակումն է, ստեղծագործական խմբերի համար միջազգային բեմերում ներկայանալու հնարավորությունների ստեղծումը և Հայաստան-սփյուռք մշակութային համագործակցության ընդլայնումը։

Մոսկվայում կայացած հոբելյանական փառատոնը ևս մեկ կարևոր քայլ էր այս առաքելության իրականացման ճանապարհին՝ շարունակելով հայկական մշակույթը միջազգային հարթակներում ներկայացնելու և տարբեր երկրներում ապրող հայերին ազգային արվեստի շուրջ համախմբելու նախաձեռնությունը։

«Ծաղկունք» միջազգային 10-րդ հոբելյանական փառատոնը դարձել է տարիների հետևողական աշխատանքի, մշակութային համագործակցության և հայկական պարարվեստի շուրջ ձևավորված մեծ համայնքի հերթական կարևոր հանգրվանը՝ նոր հնարավորություններ ստեղծելով հետագա միջազգային ծրագրերի իրականացման համար։


