ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացվում է հիսունից ավելի շինարարական ծրագիր
3 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում Արագածոտնի և Շիրակի մարզերում իրականացվում է հիսունից ավելի շինարարական ծրագիր՝ կառուցվող դպրոցներ, մանկապարտեզներ, համայնքային ամբուլատորիաներ, ինչպես նաև դպրոցների վերանորոգում։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) պատվիրատվությամբ իրականացվող շինաշխատանքների պետական ներդրումը կազմում է ավելի քան 61 միլիարդ դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանի գլխավորությամբ հիմնադրամի ճարտարագետների աշխատանքային խումբն այցելել է Արագածոտնի և Շիրակի մարզեր՝ տեղում ծանոթանալու իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքների ընթացքին։

Հիմնադրամի պատվիրատվությամբ Աշտարակ խոշորացված համայնքի Նոր Եդեսիա բնակավայրում կառուցվում է միջնակարգ դպրոց։ Այն նախատեսված է 288 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 3 միլիարդ 377 միլիոն դրամ։

Մարզի Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղադիր բնակավայրն էլ շուտով կունենա նոր մանկապարտեզ` նախատեսված 75 սանի համար։ Բարեկարգ պայմաններով նոր շենքի կառուցման պետական ներդրումը կազմում է ավելի քան 376 միլիոն 365 հազար դրամ։

ՀՏԶՀ աշխատանքային խմբի հաջորդ կանգառը Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Գետափ բնակավայրի նորակառույց կրթահամալիրի շինհրապարակում էր։ Կրթահամալիրը նախատեսված է դպրոցի 144 աշակերտի և մանկապարտեզի 44 սանի համար։ Նոր կրթօջախի կառուցման համար պետական միջոցներից հատկացվել է ավելի քան 1 միլիարդ 826 միլիոն դրամ։

Արթիկ խոշորացված համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրում ևս մեկ միջնակարգ դպրոց է կառուցվում` նախատեսված 288 աշակերտի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 2 միլիարդ 819 միլիոն դրամ։

Պետական ծրագրով նոր կրթահամալիր է կառուցվում նաև Աշոցք խոշորացված համայնքի Բավրա բնակավայրում։ Կրթահամալիրը նախատեսված է դպրոցի 144 աշակերտի և մանկապարտեզի 80 սանի համար։ Պետական ներդրումը կազմում է ավելի քան 1 միլիարդ 725 միլիոն դրամ։

«Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Բաղինյանը շինարարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ շինաշխատանքները պետք է կատարվեն պահանջվող ժամկետում և առանց որակական շեղումների, իսկ ժամկետների խախտումներից խուսափելու համար շինհրապարակներում անհրաժեշտության դեպքում պետք է ավելացնել աշխատուժը»,-ավելացնում են Հիմնադրամից։


