Սևան համայնքը հյուրընկալել է COP17-ի համաժողովի մասնակիցներին
3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքը հյուրընկալել է Երևանում անցկացվող COP17 համաժողովի 60 մասնակցի, որոնք ժամանել են աշխարհի տարբեր երկրներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, արտասահմանցի հյուրերին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները:
Այցը մեկնարկել է «Նորաշեն» արգելոցից, որին հաջորդել է շրջայցը Սևանի բուսաբանական այգում:
Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում տեղադրվել են տաղավարներ, որտեղ ցուցադրվել են արհեստի ու արվեստի նմուշներ, Սևան համայնքում արտադրվող մի շարք արտադրատեսակներ:
«Ծաղկունք շեֆ հաուս» ռեստորան-հյուրատունը տեղում պատրաստել է իր խոհարարական արտադրանքը:
Օրն անցել է հետաքրքիր միջոցառումներով և նախաձեռնություններով: Հյուրերը շրջել են տաղավարներում, օգտվել հայկական հյուրասիրությունից, մասնակցել շուրջպարին և պարի վարպետաց դասին:
Սևանի մշակույթի պալատի դահլիճում ցուցադրվել է «Սևանի հիշողությունը, ձկնորսական մշակույթ» վավերագրական ֆիլմը, որը «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի հեղինակությամբ է կյանքի կոչվել՝ աջակցությամբ ՀՀ ԿԳՄՍ նախարարության:
Ֆիլմի ցուցադրությանը մասնակցել են նաև ֆիլմի հերոսները՝ Գեղարքունիքի մարզի ձկնորսները, որոնք ֆիլմի վերջում պատասխանել են արտերկրից ժամանած հյուրերի հարցերին:
Օրը շարունակվել է «ԳԱՄՄԱ» բենդի համերգային ծրագրով, որն ուղեկցվել է սևանցիների և հյուրերի անկաշկանդ պարերով և շուրջպարով:
«Սևանում հյուրընկալվածներին սպասվում էր նաև թեյախմություն: Սևանի ափից հավաքած քարերի վրա նկարազարդումներն էլ րոպեներ անց քարերը վերածեցին տարբեր պատկերազարդումներով և գուներանգներով նկարների, որոնք մշակույթի պալատի հարակից տարածքում գտան իրենց տեղը՝ COP17-ը խորհրդանշող թիթեռի տեսքով:
Այն, ինչ հնարավոր չէր արտահայտել բառերով, դառնում էր ժպիտ, գրկախառնություն, լուսանկար: «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի և Սևանի համայնքապետարանի համագործակցությամբ կազմակերպված ընդունելությունը ներկաներին պարգևեցին հաճելի պահեր, չմոռացվող ակնթարթներ:
Հյուրերի վերջին կանգառը Սևանա լիճն էր, որտեղ էլ ամբողջացան օրվա տպավորություններն ու կուտակած զգացողությունները»,-ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից: