Մարզեր

Արեգունիում անցկացված կրթամշակութային փառատոնին միացել են նաև Գերմանիայից և Իտալիայից ժամանած զբոսաշրջիկները

5 րոպեի ընթերցում

Արեգունիում անցկացված կրթամշակութային փառատոնին միացել են նաև Գերմանիայից և Իտալիայից ժամանած զբոսաշրջիկները

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Արեգունի գյուղի միջնակարգ դպրոցում անցկացվել է «Մեր համայնքի կենդանի գիրքը՝ երեկ, այսօր, վաղը» խորագրով բացօթյա կրթամշակութային փառատոնը, որին պատահաբար միացել են նաև Գերմանիայից և Իտալիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արեգունու միջնակարգ դպրոցի տնօրեն Ամալյա Պատվականյանը, միջոցառման նպատակն էր ընթերցանության գաղափարի շուրջ համախմբել դպրոցը, ընտանիքն ու համայնքը՝ միաժամանակ արժևորելով տեղական պատմությունը, ավանդույթներն ու մշակութային ժառանգությունը։

Փառատոնին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Վարդենիս համայնքապետարանի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի ներկայացուցիչները։ Իրենց մասնակցությունն են ունեցել նաև Մեծ Մասրիկի կերպարվեստի ստուդիան, Վարդենիսի թիվ 1 և թիվ 2 երաժշտական դպրոցների սաները, Կարճաղբյուրի Ա. Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցի ներկայացուցիչները, «ՎալԱեթ Դանսե» պարային ստուդիայի սաները, Վարդենիս համայնքի կրթական հաստատությունների տնօրեններ ու մանկավարժներ, ծնողներ, հյուրեր և բազմաթիվ բնակիչներ։

Մասնակից կառույցներն իրենց ներկայությամբ ու ելույթներով հարստացրել են միջոցառման բովանդակությունը՝ մեկ հարթակում միավորելով կրթությունը, գիրքն ու ընթերցանությունը, երաժշտությունը, կերպարվեստը, պարը, համայնքի պատմությունն ու մշակութային ժառանգությունը։

«Հատկապես կարևոր էր այն հանգամանքը, որ միջոցառմանը ներգրավված էր ամբողջ համայնքը։ Տարբեր սերունդների ներկայացուցիչները դարձան ոչ միայն հանդիսատես, այլև մեր «կենդանի գրքի» մասնակիցներն ու պատմությունները փոխանցողները։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2026-2027 ուսումնական տարին «Ընթերցանության տարի» հայտարարելը և ընթերցանության խրախուսումը որպես կրթական կարևոր ուղղություն առանձնացնելը մեր դպրոցի համար դարձան նոր նախաձեռնության մեկնակետ։ Մենք սկսեցինք մտածել, թե ինչպես կարող ենք «Ընթերցանության տարվա» գաղափարը կյանքի կոչել ոչ թե հերթական գրական միջոցառման, այլ այնպիսի ձևաչափի միջոցով, որը կհամախմբի դպրոցը, ընտանիքն ու ամբողջ համայնքը։ Այդ մտորումներից էլ ծնվեց «Մեր համայնքի կենդանի գիրքը՝ երեկ, այսօր, վաղը» բացօթյա կրթամշակութային փառատոնի գաղափարը։

Մենք փորձեցինք ընթերցանության գաղափարին ավելի լայն իմաստ հաղորդել՝ ցույց տալով, որ կարելի է «կարդալ» ոչ միայն գիրքը, այլև սեփական համայնքը։ Կարդալ նրա երեկը՝ պատմությունների, հիշողությունների, ավանդույթների և ավագ սերնդի ապրած կյանքի միջոցով, ճանաչել նրա այսօրը՝ ներկայում ապրող, սովորող, աշխատող ու ստեղծագործող մարդկանց միջոցով և փորձել գրել նրա վաղը՝ երեխաների երազանքների, գաղափարների, գիտելիքի ու կրթության միջոցով։

Այսպիսով՝ «Ընթերցանության տարվա» գաղափարը մեզ համար դարձավ ոչ միայն գիրք կարդալու խրախուսման, այլև երեխաներին իրենց արմատներին վերադարձնելու, ավագ սերնդին լսել սովորեցնելու, սեփական համայնքի պատմությունը ճանաչելու և ապագայի մասին մտածելու առիթ։

Մեզ համար հատկապես խորհրդանշական է «Վաղը» բառը, քանի որ այսօր Արեգունիում կառուցվում է նոր կրթահամալիր։ Մեր երեխաների աչքի առաջ կառուցվում է նրանց նոր դպրոցը, և մենք ցանկանում ենք, որ նրանք հասկանան՝ կառուցվում են ոչ միայն նոր պատեր ու դասասենյակներ, այլև ձևավորվում է իրենց կրթական վաղվա օրը»,-նշել է Ամալյա Պատվականյանը։

Փառատոնի ընթացքում ուշադրություն են գրավել նաև Արեգունու ճանապարհով անցնող արտասահմանցի զբոսաշրջիկները։ Նկատելով դպրոցում տիրող տոնական մթնոլորտը՝ Գերմանիայից և Իտալիայից ժամանած հյուրերը հետաքրքրվել են միջոցառմամբ և միացել մասնակիցներին։

Նրանք շրջել են տաղավարներով, ծանոթացել փառատոնի գաղափարին, զրուցել մասնակիցների հետ և հետաքրքրությամբ հետևել միջոցառման ընթացքին։

Զրույցի ընթացքում զբոսաշրջիկները պատմել են, որ ճանապարհորդում են Հայաստանում և իրենց ուղևորության ու Հայաստանի մասին գիրք են պատրաստում։ Նրանց հետաքրքրել է նաև Արեգունիում իրականացվող կրթամշակութային նախաձեռնությունը։ Հյուրերը խոստացել են իրենց գրքում, իտալերենով, անդրադառնալ Հայաստանին և Արեգունիում հանդիպած հետաքրքիր նախաձեռնությանը։

«Նրանց հատկապես հետաքրքրել էր Արեգունիում իրականացվող այս նախաձեռնությունը, և նրանք խոստացան, որ իրենց գրքում կպատմեն Հայաստանի, ինչպես նաև մեր գյուղում հանդիպած այս հետաքրքիր կրթամշակութային գաղափարի և միջոցառման մասին»,-ասել է Ամալյա Պատվականյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում