Քաղաքականություն

Սա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է․ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

14 րոպեի ընթերցում

Սա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է․ Միրզոյանը՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը տնտեսական համագործակցության նոր մակարդակ է ձևավորում՝ միաժամանակ ամրագրելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը ծրագրի շրջանակում գործող ենթակառուցվածքների նկատմամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 21-ի նիստում հայտարարել է արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ ներկայացնելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության շրջանակային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։

«Սա Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության մի նոր՝ երբևէ չունեցած մակարդակ է։ Հասկանալի է, որ Միացյալ Նահանգներն իր էական մասնակցությունն է ունենալու և իր տնտեսական շահերն է նաև այստեղ հետապնդում»,– հայտարարել է Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝ համաձայնագրի իրականացումից Հայաստանի համար ակնկալվող օգուտներից են երկրի ապաշրջափակումը, Արևելքի ու Արևմուտքի հետ կապերի ընդլայնումը և միջազգային փոխադրումներին մասնակցելու նոր հնարավորությունները։ Հայաստանը հնարավորություն կունենա ոչ միայն արտահանել իր արտադրանքն ու ներմուծել անհրաժեշտ ապրանքները, այլև կարևոր օղակ դառնալ երրորդ երկրների միջև փոխադրումների շղթայում։

Միրզոյանը նշել է, որ ինչպես Ադրբեջանը Հայաստանի տարածքով և ենթակառուցվածքներով կապվելու հնարավորություն կունենա Նախիջևանի ու երրորդ երկրների հետ, այնպես էլ Հայաստանը փոխադարձ հնարավորություններ կունենա Ադրբեջանի տարածքով ու ենթակառուցվածքներով ապահովելու ներպետական հաղորդակցություն և հասնելու երրորդ երկրների շուկաներ։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ Հայաստանն այժմ չունի հյուսիսից հարավ գործող երկաթուղային հաղորդակցություն։

Նախարարը կարևորել է նաև տնտեսական փոխկապակցվածության ազդեցությունը խաղաղության ամրապնդման վրա։ Նրա գնահատմամբ՝ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական կապերը, այնպես էլ Արևելք–Արևմուտք երթուղու մյուս երկրների շահագրգռվածությունը կարող են դրականորեն ազդել քաղաքական իրավիճակի կայունության վրա։

Նա նախագծի երկու հիմնական շերտերն է առանձնացրել՝ տնտեսական հնարավորությունները և խաղաղության ամրապնդումը՝ ընդգծելով, որ երկրորդը կարևորությամբ չի զիջում առաջինին։

Անդրադառնալով համաձայնագրին նախորդած գործընթացին՝ Միրզոյանը հիշեցրել է 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ։ Ընդունված համատեղ հռչակագրում արձանագրվել են խաղաղության ամրապնդման և հաղորդակցությունների բացման հանձնառությունները՝ երկրների ինքնիշխանության, իրավազորության ու տարածքային ամբողջականության հիման վրա։

Հաջորդ փուլում՝ 2026 թվականի հունվարի 13-ին, ներկայացվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման շրջանակը։ Նախարարի խոսքով՝ այդ փաստաթուղթն ավելի հստակ է ներկայացրել ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման և գործարկման սկզբունքները՝ փարատելով նախագծի շուրջ մի շարք մտահոգություններ։

Շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է մայիսի 26-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի երևանյան այցի ժամանակ, այնուհետև ստորագրվել հունիսի 1-ին՝ Վաշինգտոնում, և հունիսի 4-ին՝ Երևանում։ Միրզոյանի փոխանցմամբ՝ այն անցել է անհրաժեշտ ընթացակարգերը, իսկ Սահմանադրական դատարանը համաձայնագրով ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։

Նախարարը պարզաբանել է, թե վավերացումից հետո ինչ փաստաթղթային աշխատանք է մնալու։

«Մենք պետք է ստորագրենք բաժնետերերի պայմանագիրը, պետք է հաստատենք ընկերության կանոնադրությունը, թերևս, այսքանով ԹՐԻՓՓ-ի գործարկման համար անհրաժեշտ հիմնարար փաստաթղթային քայլերը կատարված կլինեն։ Այս համաձայնագրի նպատակն է նաև կանոնակարգել այդ հարցերը»,– ասել է նա։

Միրզոյանն առանձնահատուկ անդրադարձել է Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության պահպանման երաշխիքներին՝ նշելով, որ փաստաթղթում «ինքնիշխանություն» բառը կիրառվում է ութ անգամ։

«Որևէ հարաբերություն, որ հաստատվելու է, որևէ ենթակառուցվածք, որ գործարկվելու է, ամբողջությամբ և մանրամասներով տեղի է ունենալու մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա կամ դրանց ներքո, դրանց շրջանակներում։ Այդ սկզբունքները բոլորիդ հայտնի են՝ ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն, իրավազորություն․ մեր տարածքում գտնվող ենթակառուցվածքների մասով, բնականաբար, Հայաստանի Հանրապետության իրավազորությունը՝ բացարձակ իրավազորություն»,– ընդգծել է նախարարը։

Ներկայացված համաձայնագրով նախատեսվում է Հայաստանում հիմնադրել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերություն։ Դրա 74 տոկոս վերահսկիչ մասնակցությունը պատկանելու է ամերիկյան կողմի՝ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությանը, իսկ 26 տոկոսը՝ Հայաստանին։

Ամերիկյան ընկերությունը պետք է հիմնադրվի Դելավեր նահանգում՝ որպես ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային ամբողջությամբ պատկանող դուստր ձեռնարկություն։ Այն մշտապես պետք է մնա ԱՄՆ սեփականությունն ու վերահսկողության ներքո․ երրորդ կողմը չի կարող դրա նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերել։

Զարգացման ընկերության կանոնադրությունը կարգավորվելու է Հայաստանի օրենսդրությամբ, իսկ բաժնետիրական համաձայնագիրը՝ ԱՄՆ-ի և Նյու Յորք նահանգի օրենսդրությամբ։

ԹՐԻՓՓ-ը ներառում է երկաթուղային, ավտոճանապարհային, նավթագազային խողովակաշարային, օպտիկամանրաթելային և էներգետիկ նախագծեր։ Առանձին ուղղություններն իրականացնելու համար զարգացման ընկերությունը կարող է ստեղծել հատուկ նշանակության դուստր կազմակերպություններ։

Ընկերության վերահսկողության փոփոխությունը, բաժնետոմսերի փոխանցումը, դուստր կազմակերպությունների հիմնադրումն ու սեփականությունը, որոշ խոշոր ֆինանսական և պայմանագրային գործարքներ, կոնցեսիոն իրավունքների տրամադրումն ու վերջնական պայմանները, ինչպես նաև ազգային անվտանգության և քաղաքական բնույթի հարցերը կարգավորվելու են կողմերի փոխադարձ համաձայնությունը պահանջող հատուկ մեխանիզմներով։

Ընկերության ու դրա դուստր կազմակերպությունների անհրաժեշտ գործարքներն ապահովելու նպատակով Հայաստանը համաձայնում է անհրաժեշտության դեպքում բացառություններ նախատեսել բաժնետիրական ընկերությունների, գնումների և պետություն–մասնավոր գործընկերության վերաբերյալ օրենսդրությունից։

Նախագծի իրականացման տարածքները որոշվելու են կողմերի փոխադարձ համաձայնությամբ՝ հաշվի առնելով նաև իրագործելիության ու նախագծման ուսումնասիրությունները։ Հայաստանը պետք է ապահովի, որ համապատասխան հողերը պետական սեփականություն լինեն կամ կարողանան դառնալ այդպիսին և զերծ լինեն ծանրաբեռնվածություններից ու երրորդ անձանց իրավունքներից՝ կրելով այդ գործընթացների ֆինանսական ծախսերը։

Զարգացման ընկերությանը տրամադրվելու են հողօգտագործման բացառիկ և կառուցապատման իրավունքներ՝ նախնական 49 տարի ժամկետով։ Դրանք կարող են փոխանցվել ծրագրերն իրականացնող դուստր կազմակերպություններին։

Ժամկետի ավարտից հետո կողմերը փոխադարձ համաձայնությամբ կարող են իրավունքների գործողությունը երկարաձգել ևս 50 տարով։ Այդ դեպքում Հայաստանի մասնակցությունն ընկերությունում պետք է ավելանա մինչև 49 տոկոս։ Ժամկետի երկարաձգումը լինելու է բաժնեմասի այդ ավելացման դիմաց Հայաստանի միակ հատուցումը։

Կառուցապատման իրավունքների ժամկետի ավարտից, ընկերության գործունեության դադարեցումից կամ բաժնետերերի փոխադարձ համաձայնությունից հետո ընկերության մնացորդային իրավունքները վերադարձվելու են Հայաստանին՝ առանց Հայաստանի կողմից վճարի կամ հատուցման։ Համաձայնագիրը չի խոչընդոտում Հայաստանի տարածքում ԹՐԻՓՓ-ից դուրս այլ ենթակառուցվածքների կառուցումն ու շահագործումը։

Զարգացման ընկերությունը լիազորվելու է ընտրել նախագծերին մասնակցող երրորդ կողմերին՝ կոնցեսիոներներին, ներդրողներին, օպերատորներին, կապալառուներին և ինժեներական, մատակարարման ու շինարարական ծառայություններ մատուցողներին։ Հայաստանը պահպանելու է կոնցեսիաների միակ տրամադրողի կարգավիճակը։

Սահմանային և մաքսային գործառույթների մասին խոսելիս՝ Միրզոյանն ընթերցել է Հայաստանի լիազորություններն ամրագրող դրույթները։

«Հայաստանի Հանրապետությունը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանի Հանրապետությունն իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան շարունակում է պատասխանատու լինել հետևյալի համար՝ անվտանգություն և իրավապահ գործունեություն, սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, մաքսային և միգրացիոն հսկողություն, հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե, պետական տեղեկատվական համակարգեր, պետական վարչարարություն և վերահսկողություն»,– նշել է նախարարը։

Նա կրկին ընդգծել է, որ նշված բոլոր ոլորտներում Հայաստանը պահպանում է իր լիակատար ինքնիշխանությունն ու իրավազորությունը։

Անդրադառնալով «ֆրոնտ օֆիս–բեք օֆիս» մոդելին՝ Միրզոյանը պարզաբանել է, որ Հայաստանի և զարգացման ընկերության համաձայնությամբ մասնավոր օպերատորները կարող են մատուցել ուղևորների ու բեռների սպասարկման որոշ ծառայություններ։ 

«Հայաստանի համաձայնությամբ և ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության համաձայնությամբ, որտեղ էլի մենք մասնակցություն ունենք, կարող են մատուցվել քաղաքացիների հետ անմիջական շփում պահանջող սպասարկման ծառայություններ։ Այս կարգավորումը չի փոխում պետական մարմինների՝ սահմանային և մաքսային վերահսկողության համար համաձայնագրով ամրագրված պատասխանատվությունը»,– շեշտել է նա։

Նախարարը նաև անդրադարձել է մասնավոր անվտանգության ստորաբաժանումների ներգրավմանը՝ ընդգծելով, որ դրանց գործունեությունը ենթակա է Հայաստանի օրենսդրությանը։

«Ինչպես ցանկացած ընկերություն, հատկապես խոշոր ենթակառուցվածքային ընկերությունները, կարող են ունենալ իրենց անվտանգային ստորաբաժանումները, բայց այդպիսիք պետք է լիցենզավորված լինեն, արտոնագրված լինեն Հայաստանի Հանրապետությունում, ինչպես մասնավոր բազմաթիվ դեպքերում այսօր էլ կա»,– ասել է Միրզոյանը։

Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակներում գործելու և իրավիճակը վերահսկելու առաջնային իրավունքը վերապահված է Հայաստանի համապատասխան մարմիններին։ Հայաստանը նաև հաստատելու է ենթակառուցվածքների անվտանգության պլանները, իսկ մասնավոր անվտանգության անձնակազմի ներգրավումը պետք է համապատասխանի հայկական արտոնագրման պահանջներին։

Համաձայնագիրը սահմանում է նաև հարկային առանձին արտոնություններ։ Հայաստանում հարկումից ազատվելու են զարգացման ընկերությունից ամերիկյան ընկերությանը բաշխվող շահաբաժինները՝ պայմանով, որ վերջինիս վերջնական սեփականատերը ԱՄՆ կառավարությունն է։

Զարգացման ընկերությունը Հայաստանում հարկ չի վճարելու նաև դուստր կազմակերպություններից ստացվող շահաբաժինների և իր կամ դուստր կազմակերպությունների բաժնետոմսերի օտարման դեպքում կապիտալ շահույթի համար։ Հարկման չեն ենթարկվելու նաև համաձայնագրով նախատեսված իրավունքների փոխանցման գործարքները՝ Հայաստանի կառավարությունից զարգացման ընկերությանը և դրանից՝ դուստր կազմակերպություններին։

Երկու երկրները նշանակելու են բարձրաստիճան պատասխանատուներ՝ համագործակցությունը համակարգելու համար։ Ամերիկյան կողմը նախատեսում է իրականացնել անհրաժեշտ ընթացակարգերը, ներառյալ Կոնգրեսին ծանուցումը և Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի հաստատումը։

ԱՄՆ-ն նաև մտադիր է ֆինանսավորում տրամադրել կամ աջակցել դրա ներգրավմանը՝ միջոցների առկայության և կիրառելի պահանջների պայմաններում, այդ թվում՝ հանրային ու մասնավոր ներդրողներից՝ առևտրային հիմունքներով։

Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ վեճերը կարգավորվելու են փոխադարձ խորհրդակցություններով։ Այն ուժի մեջ է մտնելու անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի մասին վերջին հայտագրի ստացման օրվանից և կարող է փոփոխվել կողմերի փոխադարձ գրավոր համաձայնությամբ։

Կողմերից յուրաքանչյուրը կարող է դադարեցնել համաձայնագրի գործողությունը՝ մյուսին գրավոր ծանուցելով։ Դադարեցումն ուժի մեջ է մտնելու ծանուցումն ուղարկելուց մեկ տարի հետո։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañol
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում