Հիմնանորոգվում է Մարտունի քաղաքի Արցախի փողոցը
1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Արցախի փողոցում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Արցախի փողոցի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 110 միլիոն դրամ, որի 45 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։
Ծրագրով նախատեսված է Արցախի փողոցի ասֆալտապատում՝ 530 գծամետր երկարությամբ և շուրջ 5 հազար քառակուսի մետր մակերեսով, ջրահեռացման առուների տեղադրում ու երկկողմանի սալիկապատ մայթերի կառուցում։
Շինարարական աշխատանքները, որոնք իրականացնում է «Շանթ Սեյրան» ՍՊԸ-ն, արդեն կատարվել են շուրջ 35 տոկոսով։
Ծրագրի իրականացման արդյունքում Արցախի փողոցի բնակիչներն առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհից ու սալիկապատ մայթերից օգտվելու հնարավորություն կունենան։