Գեղարքունիքում ավարտվել է անասնակերի և հացահատիկի բերքահավաքը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի տնտեսություններում արդեն ավարտվել է անասնակերի ու հացահատիկի բերքահավաքը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, նախնական արդյունքներով Գեղարքունիքի մարզի տնտեսություններում կուտակվել է 135 հազար 61 տոննա խոտ, 13 հազար 475 տոննա ծղոտ, ինչը լիովին բավարար է անասնագլխաքանակի ձմեռացումն ապահովելու համար։
Այս տնտեսական տարում մարզի տնտեսություններում ստացվել է 72 հազար 449 տոննա հացահատիկի համախառն բերք, որից 47700 տոննան ցորենի, 24749 տոննան գարու բերքն է։
Աշնանացան ցորենի արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 32,6, գարնանացան գարու արտերի մեկ հեկտարի միջին բերքատվությունը՝ 27,2 ցենտներ։
Մարզի տնտեսություններում ընթանում են կարտոֆիլի բերքահավաքի ու աշնանացան ցորենի ցանքի աշխատանքները։