PROFAL-ը գործարկել է ճարտարապետական ապակու մշակման գործարանը՝ ներդնելով 20 միլիոն դոլար
8 րոպեի ընթերցում

Իր 25-ամյակին ընդառաջ՝ ալյումինե դռների և պատուհանների հայկական առաջատար արտադրող PROFAL ընկերությունը գործարկել է տարածաշրջանում ամենամեծ ճարտարապետական ապակու մշակման գործարանը։
Քառորդ դար առաջ երեք ընկերների կողմից հիմնադրված ընկերությունն այսօր որակի նոր նշաձող է սահմանում Հայաստանում ու նրա սահմաններից դուրս։ Ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրմամբ այս նախագիծը ընկերության զարգացման ռազմավարական քայլերից է՝ ուղղված արտադրական կարողությունների զարգացմանն ու արտահանման ծավալների մեծացմանը։

Գործարանի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Կառավարության անդամներ, դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ, ինչպես նաև PROFAL-ի հայաստանյան և միջազգային գործընկերներ։ Վարչապետը շրջայց է կատարել նոր գործարանում՝ ծանոթանալով դրա տեխնիկական հագեցվածությանը, արտադրական հնարավորություններին և ընկերության ընդլայնման ծրագրերին։
Նորագույն սարքավորումներով հագեցած գործարանի շնորհիվ PROFAL-ի արտադրողականությունը կավելանա շուրջ 5 անգամ՝ ծառայելով ոչ միայն ամենաբարդ և լայնամասշտաբ տեղական, այլև միջազգային նախագծերին։ Այսօր էլ ընկերության արտադրանքն ու ծառայությունները ներկայացված են ԱՄՆ-ում, Կանադայում, Ֆրանսիայում, Միացյալ Թագավորությունում, Սաուդյան Արաբիայում և այլն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ PROFAL ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն իր ելույթում նշեց, որ ընկերության միջազգային գործունեությունը վաղուց արդեն չի սահմանափակվում միայն արտադրանքի արտահանմամբ։

«Մեր նոր գործարանը հավակնում է դառնալ անկախ Հայաստանի պատմության մեջ ամենամեծ տարածքով արտադրական միավորը։ Ի սկզբանե հիմնադիրների նպատակն էր Հայաստանում ստեղծել բարձրորակ արտադրանք, որն ինչ-որ կետում կդառնար որակի չափանիշ։ Այսօր PROFAL-ը ներգրավված է միջազգային ամենախստապահանջ մասնավոր նախագծերում, ինչպես նաև խոշոր և պատասխանատու պետական նշանակության օբյեկտների կառուցման և վերակառուցման ծրագրերում։ Որպես օրինակ՝ կարող ենք նշել Ֆրանսիայում դպրոցների շենքերի, ռազմածովային կառույցների, կամ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգում փոթորկակայուն բազմաբնակարան համալիրի նախագծերի իրականացումը», - նշել է Ավետիսյանը։
Նրա հավաստմամբ՝ նման շուկաներում մնալը պահանջում է որակի շարունակական կատարելագործում։ Այդ մղումն է ի սկզբանե եղել նաև գերժամանակակից գործարան կառուցելու և մեծ ներդրումներ իրականացնելու հիմքում։

PROFAL-ի ճարտարապետական ապակու մշակման գործարանը կառուցվել է հիմքից՝ եվրոպական և ամերիկյան բարձր չափանիշներին համապատասխան։ Ծրագրի այս փուլի ներդրումների արժեքն ավելի քան 20 միլիոն ԱՄՆ դոլար է, իսկ միասնական արտադրական համալիրի ներդրումներն առաջիկա երկու տարում կգերազանցեն 30 միլիոն ԱՄՆ դոլարը։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի խոսքով՝ սա կարևոր իրադարձություն է ոչ միայն PROFAL ընկերության, այլև Հայաստանի արդյունաբերության զարգացման համար։

«Մեր տնտեսական քաղաքականության կարևոր առաջնահերթություններից են տեղական արտադրության ընդլայնումը, բարձր ավելացված արժեք ունեցող արտադրանքի թողարկումը, արտահանման ծավալների ու աշխարհագրության ընդլայնումը։ PROFAL-ի նոր գործարանը հենց այս նպատակներին ծառայող նախաձեռնություններից է։ Սա նաև պետություն-մասնավոր հատված արդյունավետ համագործակցության լավագույն օրինակ է», - նշել է Գևորգ Պապոյանը։
Ընկերության կողմից լիզինգով ձեռք բերված սարքավորումների տոկոսադրույքների սուբսիդավորման նպատակով պետությունն ուղղել է ավելի քան 227 միլիոն դրամ։ Հայկական արտադրանքի մրցունակության բարձրացման և արտահանման խթանման կարևոր քայլ է նաև ՀՀ կառավարության աջակցությունը, որով 2026 թվականի հոկտեմբերից մինչև 2028 թվականը PROFAL-ի արտադրանքը Եվրոպա արտահանելիս եվրոպական գործընկերներն ազատված կլինեն մաքսատուրքերի վճարումից։

Գործարանի բացման միջոցառմանը PROFAL-ը համագործակցության պայմանագրեր է կնքել ֆրանսիական և բրիտանական գործընկերների հետ։ Մասնավորապես, PROFAL-ի գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանն ու ֆրանսիական SAS TERRITOIRE ընկերության հիմնադիր Պոլ Մագրանվիլը 30 միլիոն եվրոյի համագործակցության պայմանագիր են ստորագրել։ Էդգար Ավետիսյանը պայմանագիր է կնքել նաև Aluvista Systems ընկերության հիմնադիր Ջիմի Կուցոյի հետ PROFAL-ի կողմից 20 հազար քմ դուռ-պատուհան մատակարարելու մասին։
Ֆրանսիական SAS TERRITOIRE ընկերության հիմնադիր Պոլ Մագրանվիլը նշեց, որ անկեղծորեն շատ տպավորված է, քանի որ նման մեծ գործարան անգամ Ֆրանսիայում չի տեսել։

«Ամեն ինչ շատ նոր է, ժամանակակից սարքավորումներով։ Հուսով եմ՝ մեր համագործակցությունը կլինի շարունակական։ Ֆրանսիական շուկայում աշխատող մեր ընկերությունը ձեռք կբերի PROFAL-ի պատուհանները՝ Ֆրանսիայում հասարակական նշանակության շենքերի մեջ օգտագործելու նպատակով»,-ասել է Մագրանվիլը։
«Alumil Group» ընկերության տնօրենների խորհրդի անդամ, սեփականատեր Ալեքսանդրոս Միլոնասը նշեց, որ իրենց ընկերությունն ալյումինի ամենամեծ մատակարարներից է, և PROFAL-ն իրենց համար դարձել է ընտանիք, քանի որ հայ գործընկերների հետ ծանոթ են հայկական ընկերության հիմնադրման օրվանից։

«Ավելի քան 25 տարի մեր միջև հաստատվել են վստահելի գործնական կապեր։ Այսօր տեսնելով գործարանի բացումն ու նրա հնարավորությունները՝ մեծապես տպավորված ենք։ PROFAL-ը ծավալում է տպավորիչ ու ազդեցիկ գործունեություն՝ ցուցաբերելով առևտրային հմտություններ։ Հայկական ընկերությունն այժմ արդեն գլոբալ շուկայում է՝ իր արտադրանքն արտահանելով Միջին Արևելք, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա, Միացյալ Նահանգներ։ Այնպես որ պրոֆեսիոնալ մակարդակով արվել է մեծ աշխատանք, ուստի համոզված եմ, որ գալիք տասնամյակում նույնպես կիրականացվի արդյունավետ գործունեություն»,- ասել է Միլոնասը։
PROFAL գործարանային համալիրի ընդհանուր տարածքը կազմում է 120 հազար քառակուսի մետր, որից 17 հազարը հատկացված է ապակու արտադրությանն ու պահեստային հատվածին։ Առաջիկա երկու տարում արտադրական տարածքների մակերեսը կհասնի 40 հազար քառակուսի մետրի։ PROFAL-ը նպատակ ունի այստեղ կենտրոնացնել բոլոր արտադրական գործընթացները՝ ստեղծելով մեկ միասնական, ժամանակակից արտադրական համալիր, որը կլինի ամենամեծ կառուցված գործարանը նորանկախ Հայաստանի պատմության մեջ:
Գործարանի շահագործման արդյունքում արդեն ստեղծվել է 75 նոր աշխատատեղ, առաջիկա փուլում նախատեսվում է ստեղծել ևս 100 նոր աշխատատեղ: PROFAL-ի աշխատակիցների ընդհանուր թիվը նախատեսվող աշխատատեղերի ստեղծումից հետո կլինի 600-ից ավելի։