Մարզեր

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

2 րոպեի ընթերցում

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Հիմնանորոգումից հետո հոկտեմբերի 17-ին վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը։

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, մարզադպրոցը շահագործման էր հանձնվել դեռևս 2006 թվականին, սակայն տարիներ անց շենքը անմխիթար վիճակում էր և հիմնանորոգման կարիք ուներ։

Մարզադպրոցի հիմնանորոգման և  հարակից տարածքի բարեկարգման  աշխատանքներն իրականացվել են համայնքային բյուջեից հատկացված ավելի քան 120 միլիոն դրամի շրջանակում՝ նպատակ ունենալով արդիականացնել շենքի ենթակառուցվածքները և մարզումների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ պայմաններ։

Աշխատանքների ընթացքում իրականացվել են շենքի ներքին հարդարման, լողավազանի և օժանդակ տարածքների նորոգման աշխատանքներ։ Վերանորոգվել են հանդերձարաններն ու ցնցուղարանները, որտեղ անվտանգության նկատառումներով նախատեսվել են նաև հակասայթաքող սալիկներ։ Հիմնանորոգման կարևոր բաղադրիչներից էր լողավազանի օդափոխության և ջեռուցման համակարգերի արդիականացումը։ Նախկինում դրանց անբավարար աշխատանքի հետևանքով մարզադահլիճում բարձր խոնավություն և կոնդենսացիա էր առաջանում։ Համակարգերի արդիականացումը միտված է մարզիկների համար ավելի առողջ և հարմարավետ միջավայր ապահովելուն։

«Արմենպրես»-ի  հետ զրույցում մարզադպրոցի տնօրեն Հովհաննես  Կարապետյանը տեղեկացրեց, որ ներկա պահին մարզադպրոցն ունի մոտ 200 սան, բայց սաների թիվն ավելացնելու հնարավորություն ևս  ունի՝ 5-ից 16 տարեկան բոլոր ցանկացողների համար մարզադպրոցը  բաց է:

«Մարզադպրոցի վերագործարկումը կարևոր նշանակություն ունի Գյումրու պատանի մարզիկների համար՝ հնարավորություն տալով նրանց շարունակելու մարզումները բարելավված պայմաններում և զարգացնելու իրենց կարողությունները ջրային մարզաձևերում»,-նշեց Հովհաննես  Կարապետյանը։

Մարզադպրոցն ունի ինչպես մեծ, այնպես  էլ փոքրերի համար  նախատեսված լողավազան: Մարզադպրոցն ունի նաև հավաքական թիմ, որը մասնակցում է տարբեր  մրցաշարերի: Վերանորոգված լողավազանում առաջին մրցումները նախատեսվում են դեկտեմբերին:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում