Քաղաքականություն

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

4 րոպեի ընթերցում

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Ղրղզստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և արդյունավետ համագործակցության հանձնառության վրա։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո մամուլի համար հայտարարությունների ժամանակ։

«Այս այցը պատմական նշանակություն ունի, քանի որ Ղրղզստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Հայաստան։ Համոզված եմ, որ դրա արդյունքները նոր խթան կհաղորդեն մեր երկրների միջև բարեկամական կապերի ամրապնդմանը և համագործակցության հետագա զարգացմանը։ Օգտվելով առիթից՝ շնորհավորում եմ հայկական կողմին կենսաբազմազանության թեմայով առաջնորդների գագաթնաժողովի հաջող անցկացման կապակցությամբ։ Միջոցառումը բարձր մակարդակով կազմակերպված է և կարևոր հարթակ է դարձել բնապահպանական գլոբալ մարտահրավերներին դիմակայելու համատեղ մոտեցումներ մշակելու համար։

Ղրղզստանը հետաքրքրված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և արդյունավետ համագործակցության հանձնառության վրա։ Գոհունակությամբ նշում եմ, որ վերջին տարիներին մեր երկրների միջև քաղաքական երկխոսությունը գնալով ավելի ակտիվ է դարձել»,- ասել է Ժապարովը։  

Ղրղզստանի նախագահը նշել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ առարկայական և բովանդակալից բանակցություններ են ունեցել, որոնց ընթացքում մանրամասն քննարկել են ղրղզ-հայկական հարաբերությունների  ներկա վիճակը և դրանց հետագա զարգացման հեռանկարները։

«Ուրախալի է, որ մեր երկրների միջև ձևավորվել է բաց և կառուցողական քաղաքական երկխոսություն։ Մենք լայն հնարավորություններ ենք տեսնում առևտրի, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության համար։ Համոզված եմ, որ հատկապես կարևոր ուղղություններից է տրանսպորտի ոլորտում համագործակցությունը, և այս մասով տարանցման հնարավորությունները, դրանց ընդլայնումը շատ կարևոր կլինեն։ Կարծում եմ, որ այս ուղղություններով մենք կհասնենք կոնկրետ արդյունքների»,- ասաց Ղրղզստանի նախագահը։

Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետի հետ բանակցությունների կարևորագույն արդյունքներից է երկկողմ փաստաթղթերի լուրջ փաթեթի ստորագրումը, որը վերաբերում է քաղաքացիների տեղաշարժին, կենսաթոշակներին, կրթության, գիտությանը և անձնական տվյալների պաշտպանությանը։

«Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կամրապնդեն մեր համագործակցության իրավական հիմքը և կբացեն երկկողմ համագործակցության նոր հեռանկարներ։ Հատկապես կցանկանայի ընդգծել Իսիկ Կուլ և Սևան լճերի պահպանման գործում համագործակցության վերաբերյալ փաստաթուղթը։ Այս եզակի լճերը ոչ միայն եզակի անգին բնական գանձեր են, այլև մեր ժողովուրդների ազգային ժառանգության անբաժանելի մասը՝ սերտորեն կապված նրանց պատմության, մշակույթի և կյանքի հետ։ Դրանք պահպանելը և ապագա սերունդներին փոխանցելը մեր ընդհանուր հավաքական պատասխանատվությունն է»,- եզրափակել է Սադիր Ժապարովը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում