Ախուրյան համայնքում նշվել է համայնքի օրը
2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Ախուրյան համայնքում հանդիսավորությամբ նշվեց համայնքի օրը: Տոնական միջոցառումների մեկնարկից առաջ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը Ախուրյան համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանի և հյուրերի ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեց հայրենիքի պաշտպանության համար կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին։
Այնուհետև տոնական օրվա մասնակիցները շրջեցին համայնքի բնակավայրերը ներկայացնող տաղավարներով, ծանոթացան ազգային խոհանոցի և ժողովրդական արվեստի ավանդույթներին։ Համայնքի օրվա առթիվ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը շնորհավորեց ախուրյանցիներին՝ կարևորելով համայնքի համաչափ զարգացումը, ազգային արժեքների պահպանումն ու համատեղ աշխատանքի դերը։

«Վերջին տարիներին Ախուրյանը հետևողականորեն փոխում է իր դիմագիծը։ Կառուցվում ու բարեկարգվում են դպրոցներ և մանկապարտեզներ, նորոգվում են ճանապարհներ, բարելավվում ենթակառուցվածքները, վերափոխվում հանրային տարածքները։ Այս ամենը պարզապես շինարարական ծրագրեր չեն․ դրանք համայնքի զարգացման, բնակիչների կյանքի որակի բարձրացման և գալիք սերունդների համար ավելի լավ պայմաններ ստեղծելու կարևոր քայլեր են։ Ուրախալի է տեսնել, թե ինչպես է Ախուրյանը քայլ առ քայլ դառնում ավելի բարեկարգ, հարմարավետ ու զարգացող համայնք՝ պահպանելով իր ինքնատիպությունն ու ավանդույթները։ Համոզված եմ, որ բնակիչների նախաձեռնողականության, համատեղ աշխատանքի և հետևողական ծրագրերի շնորհիվ Ախուրյանը շարունակելու է զարգանալ՝ դառնալով ավելի բարեկեցիկ ու գրավիչ համայնք բոլորի համար»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց մարզպետը։
Համայնքի օրը եզրափակվեց մեծ համերգային ծրագրով։ Հանրահայտ կատարողների ելույթները տոնական տրամադրություն հաղորդեցին ներկաներին՝ ևս մեկ անգամ համախմբելով ախուրյանցիներին հայրենի համայնքի, նրա պատմության և ավանդույթների շուրջ։