Շիրակի մարզի երկու համայնքում ընթացքի մեջ է ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը
3 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի խոշորացված համայնքներում ընթանում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Հոկտեմբերի 25-ին Արթիկ և Ախուրյան համայնքներում տեղի կունենան ավագանու համամասնական ընտրություններ, սակայն քաղաքական մրցակցության պատկերը երկու համայնքներում էապես տարբերվում է։
Արթիկ խոշորացված համայնքում ավագանու 27 մանդատի համար լուրջ ու թեժ պայքար է սպասվում, քանի որ ընտրապայքարում ընդգրկված է քաղաքական չորս ուժ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկայացրել է 81 թեկնածուից բաղկացած ցուցակ, որը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Անան Ոսկանյանը։ Կուսակցությունն իր արշավն իրականացնում է «Հանուն խաղաղ զարգացման» կարգախոսով։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ներկայացել է 31 թեկնածուով, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ 31 թեկնածուներից բաղկացած ցուցակով, իսկ «Հայրենիք» կուսակցությունը պայքարի է դուրս եկել 19 թեկնածուով։
Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արկադի Թադևոսյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ Արթիկի 34 ընտրական տեղամասերում աշխատանքներն ընթանում են բնականոն հունով, քարոզարշավն ակտիվ փուլում է, և որևէ բողոք հանձնաժողովը չի ստացել։ Ըստ նախնական ցուցակների՝ Արթիկում ընտրելու իրավունք ունի 30 996 քաղաքացի։
Բոլորովին այլ է պատկերն Ախուրյան խոշորացված համայնքում, որտեղ մրցակցություն չկա, և ընթանում է միանձնյա նախընտրական արշավ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ Ախուրյանում մասնակցության հայտ է ներկայացրել միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ 80 թեկնածուով, որի ցուցակը գլխավորում է համայնքի գործող ղեկավար Զավեն Մանուկյանը։
Մեկ քաղաքական ուժի մասնակցությամբ ընտրությունների կազմակերպման կարգի վերաբերյալ «Արմենպրես»-ին պարզաբանում ներկայացրեց թիվ 32 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ներսես Մարգարյանը։ Նա նշեց, որ երբ ընտրությանը մասնակցում է միայն մեկ քաղաքական ուժ, տպագրվում է երկու քվեաթերթիկ՝ մեկը կուսակցության անվանմամբ, մյուսը՝ «Դեմ եմ» նշումով։ Եթե քվեարկությանը մասնակցած ընտրողները 50+1 տոկոս ձայն չեն ապահովում տվյալ ուժի օգտին, ապա ընտրությունները համարվում են չկայացած։ Հանձնաժողովի նախագահը վստահեցրեց, որ քարոզարշավի ընթացքը գտնվում է իրենց անմիջական ուշադրության կենտրոնում։ Ախուրյանում ընտրողների նախնական թիվը 31 524 է։
Սեպտեմբերի 30-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կավարտվի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24:00-ին: Ընտրողների ցուցակները, որոնք արդեն փակցված են, վերջնական տեսքի կբերվեն քվեարկության օրվանից 7 օր առաջ։
Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ են նախատեսված չորս խոշորացված համայնքում. Ախուրյանում և Արթիկում քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 25-ին, իսկ Ամասիա և Աշոցք համայնքներում՝ նոյեմբերի 29-ին։