Քաղաքականություն

Գալյանն անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծով առաջարկվող կարգավորմանը քաղաքացիությունից զրկելու ինստիտուտի վերաբերյալ

4 րոպեի ընթերցում

Գալյանն անդրադարձել է Սահմանադրության նոր նախագծով առաջարկվող կարգավորմանը քաղաքացիությունից զրկելու ինստիտուտի վերաբերյալ

Հայաստանի նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող կարգավորման համաձայն՝ անձը կարող է զրկվել քաղաքացիությունից միայն պետության անվտանգության և սահմանադրական հիմունքների դեմ ուղղված հանցագործություն կատարելու և օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտի առկայության դեպքում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով քաղաքացիությունից զրկելու վերաբերյալ Սահմանադրության նախագծում ամրագրված դրույթին։

Նախարարի խոսքով՝ նման կարգավորում առկա է զարգացած իրավական համակարգ ունեցող և ժողովրդավարական կարգով աչքի ընկնող բազմաթիվ երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում, Դանիայում, Արևմտյան և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում։

Գալյանն անդրադարձավ նաև մամուլում տարածված տեղեկություններին, թե առաջարկվող կարգավորմամբ հնարավոր կլինի անձին քաղաքացիությունից զրկել պարզապես հանցագործության մեջ մեղադրելու հիմքով՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։

«Առաջարկվող կարգավորման տրամաբանությամբ՝ անձը կարող է քաղաքացիությունից զրկվել միայն այն դեպքում, երբ կատարել է պետության անվտանգության և սահմանադրական հիմունքների դեմ ուղղված հանցագործություն։ Խոսքը պետական դավաճանության, դիվերսիայի, պետական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հրապարակման և նմանաբովանդակ այլ հանցագործությունների մասին է։ Երբ խոսում ենք կատարված հանցագործության մասին, պետք է նկատի ունենանք, որ պարտադիր է ուժի մեջ մտած մեղադրական դատական ակտի գոյությունը, այսինքն՝ միայն անձի մեղքի հաստատման պայմաններում է հնարավոր անձին զրկել քաղաքացիությունից»,- նշեց Գալյանը։ 

Արդարադատության նախարարն անդրադարձավ նաև հարցին առնչվող միջազգային կարգավորումներին՝ հիշատակելով Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիան, որը Հայաստանը չի վավերացրել, մյուսը՝ Ապաքաղաքացիության կրճատման մասին կոնվենցիան, որին Հայաստանը միացել է։

Նրա խոսքով՝ Քաղաքացիության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն՝ սահմանափակ դեպքերում, երբ կատարված հանցագործություններն ուղղված են պետության կենսական շահերի դեմ, անձանց քաղաքացիությունից զրկելը համարվում է իրավաչափ և համաչափ։

Գալյանն ընդգծեց, որ հաշվի առնելով քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակը չավելացնելու Հայաստանի հանձնառությունը՝ քաղաքացիությունից զրկելու գործիքի օրենսդրական կարգավորումները պետք է բացառեն նման հնարավորությունը՝ չհակասելով համապատասխան կոնվենցիայի շրջանակում ստանձնած պարտավորություններին։

«Իհարկե, մենք օրենսդրական մանրամասն կարգավորումների շրջանակում բոլոր հարցերի պատասխանները կտանք, բայց այս պահի դրությամբ խնդրում եմ բոլորին լինել ուշադիր և մանիպուլյացիայի չենթարկվել, հետևել մեր պարզաբանումներին և ծանոթանալ պաշտոնական նախագծի տեքստին, որպեսզի խնդիրներ չառաջանան»,- ասաց նախարարը։

Գալյանն անդրադարձավ նաև այն պնդումներին, թե առաջարկվող կարգավորմամբ հնարավոր կլինի անձանց զրկել քաղաքացիությունից, օրինակ, հանրահավաքների մասնակցելու կամ կազմակերպելու համար, ինչպես նաև այլ պետությունների հանձնելու նպատակով:

Հիշեցնենք, որ առաջարկվող կարգավորմամբ անձանց քաղաքացիությունից զրկելու և այլ պետությունների հանձնելու հավանականության մասին հայտարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ Նա նաև կարծիք էր հայտնել, որ այդ գործիքը կարող է օգտագործվել նաև ընդդիմադիր գործիչների դեմ։  

«Դա անհավանական և ֆանտաստիկայի ժանրից ինչ-որ խոսույթ է, որին ուղղակի արձագանքելն անմիտ է։ Ուղղակի ստիպված ենք անընդհատ արձագանքել, որպեսզի մեր քաղաքացիները շփոթմունքի մեջ չլինեն»,- ասաց Գալյանը՝ հավելելով, որ քաղաքացիությունից զրկելու ինստիտուտը գործում է բազմաթիվ երկրներում, և այսօր այդ տեղեկությունը ստուգելն ամենևին էլ դժվար չէ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում