Իրավունք

Արդարադատության նախարարն անդրադարձել է ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին

2 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարն անդրադարձել է ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի մահվան դեպքին

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն անդրադարձել է Ստեփանավանի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի մահվան դեպքին։

Հիշեցնենք, որ Արսեն Գևորգյանը կալանավորված էր ընտրակաշառք բաժանելու գործով և մահացել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՀՀ արդարադատության նախարարը նախ ցավակցել է Արսեն Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ընկերներին։

«Ցավոք սրտի, նման դեպքեր տեղի են ունենում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներում։ Այս դեպքի հետ կապված միայն կասեմ, որ արձանագրվել է սրտի կանգ։ Հիմնարկում գտնվելու ընթացքում առողջական խնդրի մասին ընդհանրապես չի բարձրաձայնվել, այսինքն՝ ինքնազգացողության վատացում անձը չի ունեցել։ Այսօր առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից, ժամը 07։55-ի շրջանում բուժակն այցելել և զննություն է կատարել, որից կարճ ժամանակ անց շտապօգնություն է կանչվել, ինչից հետո էլ արձանագրվել է սրտի կանգ։ Այսքանը ինֆորմացիայի մասով, ավել բան չունեմ ասելու»,- նշել է Սրբուհի Գալյանը։

Արսեն Գևորգյանը ձերբակալվել էր հոկտեմբերի 21-ին՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններից չորս օր առաջ։ Նույն օրը Հակակոռուպցիոն դատարանը նրան երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Վարույթի շրջանակում ընդհանուր առմամբ ձերբակալվել էր 14 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացրած մեղադրանքի համաձայն՝ Գևորգյանը մի քանի տասնյակ ընտրողի գումար էր տվել «Ուժեղ Հայաստանի» օգտին քվեարկելու պայմանով։ Գևորգյանը չէր ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում