Հայաստան

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

2 րոպեի ընթերցում

ՀՀ վարչապետի գլխավորությամբ քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման հայեցակարգը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը զեկուցել է նախորդ քննարկումների արդյունքներով կատարված աշխատանքների մասին, ընդգծել բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարման մեխանիզմի ներդրման կարևորությունը ինչպես Հայաստանի Հանրապետության միջազգային հանձնառությունների, այնպես էլ պետության տնտեսական կայունության, օրինականության վերականգնման և հանրային վստահության ամրապնդման տեսանկյունից:  

Ներկայացնելով հայեցակարգը՝ Սրբուհի Գալյանն անդրադարձել է ակտիվների կառավարման միասնական համակարգի ստեղծմանը, բռնագանձված ակտիվների կառավարման ընդհանուր սկզբունքներին, բռնագանձվող ակտիվների տեսակներին ու կառավարման առանձնահատկություններին: Մանրամասներ են ներկայացվել բռնագանձված ակտիվների միասնական էլեկտրոնային ռեեստրի վերաբերյալ, որի նպատակն է ապահովել թափանցիկության և հաշվտեվողականության սկզբունքները:

Ծավալվել է քննարկում ակտիվների կառավարման միասնական համակարգի, կառավարման ենթակա ակտիվների շրջանակի և թեմային առնչվող այլ հարցերի շուրջ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և հանդես եկել առաջարկություններով վերոնշյալ ուղղություններով։

Ընդգծելով, որ բռնագանձված ակտիվների արդյունավետ կառավարումը Կառավարության հակակոռուպցիոն քաղաքականության և տնտեսական բարեփոխումների առանցքային առաջնահերթություններից է՝ վարչապետ Փաշինյանը կարևորել է ոլորտում հայեցակարգային մոտեցումների մշակումն ու իրականացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում