Քաղաքականություն

Նոր Սահմանադրության նախագծով դատավորների վերագնահատումը նախատեսվում է իրականացնել մեկ անգամ և հինգ տարվա ընթացքում

4 րոպեի ընթերցում

Նոր Սահմանադրության նախագծով դատավորների վերագնահատումը նախատեսվում է իրականացնել մեկ անգամ և հինգ տարվա ընթացքում

Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում իրականացնել գործող դատավորների մեկանգամյա վերագնահատում՝ ստուգելով նրանց մասնագիտական կարողությունները, բարեվարքությունն ու գույքի համապատասխանությունն օրինական եկամուտներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վերագնահատման առաջարկվող կարգը ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված իրազեկող տեսանյութում։

«Նախ՝ վերագնահատումը մշտական չէ, այն մեկանգամյա է և սահմանափակված հինգ տարով։ Ի՞նչ են ստուգում․ դատավորի մասնագիտական կարողությունները, բարեվարքությունը, վարքագիծը և գույքը՝ արդյոք այն համապատասխանում է օրինական եկամուտներին»,– նշվում է տեսանյութում։

Նախարարությունը պարզաբանել է նաև վերագնահատումն իրականացնող հանձնաժողովի ձևավորման կարգը։

«Իսկ ո՞վ է ստուգում․ ոչ թե Կառավարությունը, այլ հինգ հոգանոց հատուկ հանձնաժողով։ Երկու անդամի առաջադրում է Հանրապետության նախագահը, երկուսին՝ Մարդու իրավունքների հանձնակատարը, մեկին՝ Կառավարությունը, իսկ ընտրում է Ազգային ժողովը։ Իր աշխատանքում հանձնաժողովն անկախ է պետական մարմիններից և պաշտոնյաներից»,– ներկայացնում է նախարարությունը։

Վերագնահատման արդյունքներով հանձնաժողովի եզրակացությունը ներկայացվելու է Հանրապետության նախագահին։ Նախագծով նախատեսված են նաև նախագահի առարկությունների և դատավորի իրավունքների պաշտպանության ընթացակարգեր։

«Հանձնաժողովի եզրակացությունը գնում է Հանրապետության նախագահին։ Նա կարող է այն վերադարձնել առարկություններով, իսկ կրկին անհամաձայնության դեպքում՝ դիմել Սահմանադրական դատարան։ Իսկ դատավորը, որի լիազորությունները դադարեցվում են, կարող է որոշումը բողոքարկել Սահմանադրական դատարանում»,– նշվում է տեսանյութում։

Նախարարությունը հավելում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը հետևելու է, որպեսզի որևէ մարմին կամ պաշտոնյա չխաթարի դատարանների անկախությունը։

«Այսինքն՝ որ դատավորը կմնա, որոշում է ոչ թե որևէ մեկի կամքը, այլ հստակ կանոնները։ Նպատակը մեկն է՝ անկախ դատարան, որին վստահում ես»,– ընդգծվում է տեսանյութում։

Նախագծի 85-րդ հոդվածով վերագնահատումը վերաբերում է Վճռաբեկ, վերաքննիչ, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորներին, ինչպես նաև ԲԴԽ-ի դատավոր չհանդիսացող անդամներին։ Մինչև գործընթացի ավարտը համապատասխան դատավորները շարունակելու են իրականացնել իրենց լիազորությունները՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։

Միաժամանակ նախագծով հանձնաժողովի՝ բարեվարքության վերաբերյալ եզրակացությունները դատական կարգով վերանայման ենթակա չեն։ Սահմանադրական դատարանում հնարավոր է բողոքարկել դատավորի պաշտոնում չնշանակվելը և լիազորությունների դադարեցումը։

Դատավորների վերագնահատման առաջարկվող կարգավորումների վերաբերյալ նոյեմբերի 24-ին մտահոգություններ էր հայտնել Հայաստանի դատավորների միությունը՝ գնահատելով, որ դրանք վտանգում են դատավորների անփոփոխելիության և անկախության երաշխիքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում