Քաղաքականություն

Վարչապետի առաջարկը կկորցնի ուժն արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն Ալեքսանյան

3 րոպեի ընթերցում

Վարչապետի առաջարկը կկորցնի ուժն արտահերթ ընտրությունների գնալու դեպքում. Վահագն Ալեքսանյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանը հայտարարել է, որ եթե ընդդիմությունը չընդունի սահմանադրական հանրաքվեի հարցում իշխանությանն աջակցելու Նիկոլ Փաշինյանի առաջարկը և դրա արդյունքում անցկացվեն արտահերթ ընտրություններ, վարչապետի առաջարկն այլևս ուժի մեջ չի լինի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վահագն Ալեքսանյանն այդ մասին խոսել է ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Հիշեցնենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել էր ապահովել նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու համար խորհրդարանում իշխող ուժին պակասող 6 ձայնը։ Նա շեշտել էր, եթե հանրաքվեն կայանա և ժողովուրդը մերժի նոր Սահմանադրությունը, ինքը հրաժարական կտա և կհեռանա, իսկ եթե Սահմանադրությունն ընդունվի, դրանից հետո հաջորդ ընտրություններին՝ լինի դա արտահերթ, թե հերթական, ինքը չի լինի վարչապետի թեկնածու։ Փաշինյանը նաև ասել էր՝ եթե ընդդիմությունը չընդունի իր առաջարկը և չօգտվի իրեն հեռացնելու այդ հնարավորությունից, ինքն է հեռացնելու ընդդիմությանը։ Նա չէր բացառել, որ ընդդիմության հեռացումը կարող է լինել արտահերթ ընտրությունների գնալու ճանապարհով։

«Եթե ընդդիմությունը չընդունի այդ առաջարկը, այն էլ ուժի մեջ չի լինի։ Եթե արտահերթի գնացինք, դա էլ ուժի մեջ չէ։ Սա ֆիքսեցինք»,– լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի առաջարկին ու դրա վերաբերյալ ընդդիմության հայտարարություններին, ասել է Վահագն Ալեքսանյանը։

Հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում արդեն քննարկվում է Փաշինյանին փոխարինող թեկնածուի հարցը, ԱԺ փոխնախագահը պատասխանել է, որ կուսակցությունում գործում են թեկնածուների առաջադրման և ընտրության ներքին ընթացակարգեր։

«Վարչապետն էլ հենց ընտրվել էր կուսակցության համաժողովի կողմից որպես վարչապետի թեկնածու։ Այդ մեխանիզմը մեր կուսակցության ուժեղ կողմերից ենք համարում, մեր ներկուսակցական ընտրություններն առհասարակ։ Ես կարծում եմ, որ այստեղ ոչ մի կանխագուշակումներ ու կուլիսային բաներ փնտրել պետք չէ»,– նշել է նա։

Ալեքսանյանը չի ընդունել նաև «իրավահաջորդ պատրաստելու» ձևակերպումը՝ ընդգծելով, որ կուսակցության բոլոր անդամներն առաջադրվելու իրավունք ունեն։

«Մեր կուսակցությունում բոլորն իրավունք ունեն առաջադրվել։ Ես ձեզ վստահեցնում եմ՝ երբ առաջադրումների օրերը սկսվեն նախընտրական շրջանում, դրա մասին արդեն դուք կիմանաք»,– ասել է ԱԺ նախագահի տեղակալը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում