Վրաստան

Հայաստան-Վրաստան իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

3 րոպեի ընթերցում

Հայաստան-Վրաստան իրավական համաժողովի շրջանակում ստորագրվել է համագործակցության ծրագիր

Հայաստան-Վրաստան 7-րդ իրավական համաժողովի շրջանակում տեղի է ունեցել երկու երկրների հարկադիր կատարման ոլորտին նվիրված քննարկում, որի ընթացքում ներկայացվել են գործընկեր կառույցների գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող բարեփոխումները և համագործակցության հեռանկարները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանն իր ելույթում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները, ընդգծել ՀՀ կառավարության 2026–2031 թթ․ծրագրով արդարադատության ոլորտի՝ հարկադիր կատարման արդյունավետության բարձրացման առաջնահերթությունները։

«Անդրադառնալով բարեփոխումների հայեցակարգին՝ Սիրո Ամիրխանյանը նշել է, որ դրա հիմքում երկու առանցքային ուղղություն է՝ Ծառայության գործառույթների վերանայումը, մասնավոր հատվածի ներգրավման հնարավորությունների ուսումնասիրությունը, կատարողական վարույթների մեթոդաբանության արդիականացումը, ինչպես նաև «թվայինն առաջնահերթ» սկզբունքի ներդրումը, որը ենթադրում է քաղաքացիներին ծառայությունների մատուցում՝ առանց ֆիզիկական ներկայության և ավելորդ վարչարարության»,– նշված է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության տարածած հաղորդարության մեջ։ 

Գլխավոր հարկադիր կատարողը նաև ընդգծել է, որ վերջին տարիներին Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը դարձել է պետական կառավարման համակարգում թվայնացման առաջատար կառույցներից մեկը։

Վրաստանի ԱՆ Կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլին իր ելույթում ներկայացրել է Բյուրոյի կառուցվածքը, գործունեության հիմնական ուղղությունները՝ ևս կարևորելով թվային գործիքների կիրառումը և դրանց միջոցով քաղաքացիների սպասարկման արդյունավետության բարձրացումը։

Համաժողովի շրջանակում Գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը և Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի նախագահ Լաշա Մոձղվրիշվիլին ստորագրել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Վրաստանի Կատարման ազգային բյուրոյի միջև 2027–2028 թվականների համագործակցության ծրագիրը։ Ծրագրի դրույթները բխում են երկու կառույցների միջև 2018 թվականին կնքված համագործակցության հուշագրի նպատակներից և միտված են գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը։

Համագործակցության ծրագրով նախատեսվում են իրականացնել մի շարք միջոցառումներ՝ ուղղված փորձի փոխանակմանը, հարկադիր կատարման խառը մոդելի ներդրման հնարավորությունների ուսումնասիրությանը, ոլորտի շարունակական թվայնացմանը և մասնագիտական խորհրդատվությունների տրամադրմանը։

 

Կարդացեք հոդվածը` ქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում