ԹՐԻՓՓ-ի բաժնետիրական համաձայնագիրը կստորագրվի մեկ շաբաթվա ընթացքում
3 րոպեի ընթերցում

«Թրիփփի զարգացման ընկերության» բաժնետիրական համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել մեկ շաբաթվա ընթացքում, որից հետո ընկերությունը կգրանցվի Հայաստանում և հնարավորություն կունենա գործնական աշխատանքներ իրականացնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նոյեմբերի 26-ի նիստում՝ համաձայնագրին հավանություն տալու հարցի քննարկման ընթացքում։
Վարչապետը հայտնել է նաև, որ ԹՐԻՓՓ-ի գործնական իրականացման նախապատրաստական աշխատանքներն արդեն մեկնարկել են։
«Մենք արդեն իսկ այս երկուշաբթի օրը սկսեցինք ԹՐԻՓՓ նախագծի գործնական իրագործման նախապատրաստական աշխատանքները։ Այսինքն՝ տեղում, մասնավորապես՝ երկաթուղային հատվածում, մաքրման աշխատանքներ են իրականացվում, շինհրապարակի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։ Զուգահեռ մենք հիմա նաև ավտոճանապարհի, երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի նախագծման աշխատանքներն ենք իրականացնում։ Այդ ամենն անում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։ Երբ ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերությունն արդեն ամբողջական ձևավորված կլինի, մենք գործերը կփոխանցենք իրենց, որպեսզի նրանք նույն կետից շարունակեն և հնարավորինս ժամանակ քիչ կորցնենք»,-ասել է Փաշինյանը։
Նա նախագիծը բնորոշել է որպես Հայաստանի անկախությունից ի վեր տնտեսական և ֆինանսական մասշտաբով խոշորագույն նախաձեռնություններից մեկը՝ կարևորելով նաև դրա հետ զուգահեռ սպասվող գործընթացները։
Փաշինյանն անդրադարձել է նախագծի վերաբերյալ տեղեկատվության հրապարակայնությանը՝ վերահաստատելով թափանցիկ աշխատելու մոտեցումը։
«Այստեղ կարևոր է նաև, որ այն, ինչի մասին խոսել ենք, ամբողջը նաև հրապարակային գրավոր փաստաթղթերում արձանագրված է։ Կարծում եմ՝ սա ամենակարևորն է։ Մեր սկզբունքը եղել է դա և շարունակում է մնալ դա, որ մենք բոլոր հարցերի վերաբերյալ աշխատելու ենք բացարձակապես թափանցիկ, որպեսզի լրացուցիչ հարցեր, մութ անկյուններ չմնան։ Այդ տրամաբանությունը նաև ԹՐԻՓՓ-ի և մյուս դեպքերում մենք պետք է շարունակենք»,-ընդգծել է վարչապետը։
Նոյեմբերի 23-ին պաշտոնապես հայտարարվել է Հայաստանի և ԱՄՆ կառավարությունների համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ ԹՐԻՓՓ նախագծի գործնական փուլի մեկնարկի մասին։ Նախագիծը միտված է տարածաշրջանային տարանցիկ կապակցվածության զարգացմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա։