Քաղաքականություն

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը հրապարակվել է Հունաստանի խոշորագույն առցանց օրաթերթում՝ «ProtoThema»-ում

12 րոպեի ընթերցում

Դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը հրապարակվել է Հունաստանի խոշորագույն առցանց օրաթերթում՝ «ProtoThema»-ում

Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հոդվածը հրապարակվել է Հունաստանի ամենախոշոր առցանց օրաթերթում՝ «ProtoThema»-ում։

«Արմենպրես»-ը դեսպանության կողմից թարգմանված տարածած հոդվածը ներկայացնում է ստորև․

Հայաստանի տեղն աշխարհում և Հունաստանի ու Հայաստանի միջև հարատև բարեկամությունը

2026 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշեց անկախության 35-ամյակը։ Ամբողջ աշխարհում, այդ թվում, իհարկե, նաև Հունաստանում, մեր դեսպանություններում անցկացվել են տոնական միջոցառումներ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Այս իրադարձությունը հերթական առիթն է՝ հետադարձ հայացք նետելու Հայաստանի անցած ուղուն, այն կետին, որին հասել ենք այսօր, ինչպես նաև դիտարկելու հայ-հունական հարաբերությունների զարգացման ընթացքն այս ժամանակահատվածում։

1991 թվականի անկախությունը մեզ հեշտությամբ չի տրվել։ Այն ձեռք է բերվել պայքարի և զրկանքների միջոցով։ Երեք տասնամյակների ընթացքում մենք բախվել ենք պատերազմի, անդառնալի կորուստների և հազարավոր մարդկային կյանքերի կորստի։ Այնուամենայնիվ, Հայաստանին հաջողվել է ամրապնդել ժողովրդավարական ինստիտուտները և ներդնել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ավելի արդյունավետ մեխանիզմներ։ Պատահական չէ, որ Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնք զգալի առաջընթաց են գրանցել ազատության և մամուլի ազատության ինդեքսներում։ Երկրի ժողովրդավարական ինստիտուտների կայունությունն ու դիմակայունությունը կառավարության առաջնահերթություններից են։

Ժողովրդավարական ինստիտուտների կայուն գործունեությունը հնարավոր չէ ապահովել և ամրապնդել առանց օլիգարխիկ տնտեսական մենաշնորհների վերացման և հակակոռուպցիոն համակարգային միջոցառումների իրականացման։ Կոռուպցիան, հատկապես փոքր և աշխարհագրական առումով խոցելի երկրներում, ազգային անվտանգության խնդիր է, և դրան պետք է վերաբերվել հենց այդ տեսանկյունից։

Նախորդ տասնամյակների համեմատ՝ Հայաստանի միջազգային ներգրավվածությունն այսօր շատ ավելի տեսանելի է։ Մեր դիվանագիտական ներկայացուցչությունների աշխարհագրությունն ընդլայնվում է տարեցտարի։ Միջազգային դիվանագիտության ասպարեզում Հայաստանի դերի վառ ապացույցն են 2026 թվականին երկրում անցկացված երկու գագաթնաժողովները։ Դրանցից մեկը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովն էր, որը տեղի ունեցավ մայիսին Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրի ներքո, և որը պատմության մեջ առաջին անգամ Հայաստան բերեց եվրոպական գրեթե բոլոր առաջնորդներին։ Մյուսը ՄԱԿ-ի Կենսաբազմազանության համաժողովն էր (CBD COP 17), որը հաջողությամբ անցկացվեց Երևանում հոկտեմբերին՝ նախորդվելով Առաջնորդների գագաթնաժողովով։ Այս խոշոր միջազգային միջոցառման հաջող կազմակերպումը ևս մեկ անգամ ցույց տվեց Հայաստանի աճող կարողությունը՝ հյուրընկալելու բարձր մակարդակի բազմակողմ հանդիպումներ և էական ներդրում ունենալու շրջակա միջավայրի պահպանության գլոբալ կառավարման գործում։ Քիչ երկրներ կարող են պարծենալ նրանով, որ ընդամենը մի քանի ամսվա տարբերությամբ հյուրընկալել են նման միջոցառումներ։

«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (ԹՐԻՓՓ) ամրագրվել է Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի հռչակագրում, որը ստորագրվել է Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից՝ ԱՄՆ նախագահի ներկայությամբ 2025 թվականի օգոստոսի 8-ին՝ Սպիտակ Տանը։ Սա կապակցվածության կարևոր նախագիծ է, որը պետք է խթանի առևտուրը տարածաշրջանի երկրների և դրանց սահմաններից դուրս գտնվող պետությունների միջև։ Սակայն այս նախագիծն ունի ևս մեկ՝ ոչ պակաս կարևոր տարր. TRIPP-ն ունի աշխարհաքաղաքական նշանակություն, քանի որ դրա հիմնական նպատակներից մեկը Հայաստանի և նրա հարևանների միջև երկարաժամկետ խաղաղության ու համագործակցության երաշխավորումն է։ Վաշինգտոնյան պատմական գագաթաժողովի շրջանակներում, տասնամյակներ տևած հակամարտությունից և տառապանքներից հետո, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագիծը։

Մեկ այլ խորհրդանշական նշան, որ տնտեսական դիվանագիտությունը նոր թափ է հավաքել մեր երկրի արտաքին քաղաքականության մեջ, Արտաքին գործերի նախարարության վերանվանումն է Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության։

Այսպիսով, պետական ինստիտուտների կառուցումը, ժողովրդավարության խթանումը, տնտեսության զարգացումը, միջազգային համագործակցության ընդլայնումը, ինչպես նաև միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը նպաստելը կայուն պետականության հիմնասյուներն են. հենց սա էլ հանդիսանում է Հայաստանի անկախության 35-ամյակի տոնակատարությունների կարգախոսը։

Այս ընդհանուր կառուցվածքում Հունաստանի հետ հարաբերությունները մշտապես առանձնահատուկ տեղ են զբաղեցրել մեր արտաքին քաղաքական օրակարգում։ Մեր ժողովուրդներին միավորում են հազարամյա պատմությունը, քրիստոնեական քաղաքակրթությունը, հարուստ մշակութային ժառանգությունը, ինչպես նաև ազատության և արժանապատվության հանդեպ ընդհանուր հանձնառությունը։

Անցնող տարին իսկապես նշանակալի էր Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունների համար։ Տասնհինգ տարվա ընդմիջումից հետո տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի պետական այցը Հունաստան, ինչն ընդգծեց երկկողմ հարաբերությունների բարձր մակարդակը և դրանց հետագա խորացման ներուժը։ Նույնքան կարևոր էր Հայաստանի Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը, որը նույնպես տեղի ունեցավ տասնհինգ տարվա ընդմիջումից հետո։ 2026 թվականի սեպտեմբերին՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, տեղի ունեցավ Հայաստանի և Հունաստանի վարչապետների հանդիպումը։ Երկու կողմերն էլ պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել՝ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու նպատակով։ Միաժամանակ, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդունեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերը՝ մոտ ապագայում պաշտոնական այց կատարել Հայաստան, ինչը կլինի առաջին նմանատիպ այցը պատմության մեջ։

Վերջին հինգ տարիների ընթացքում մեր երկկողմ հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել։ Այսօր կարող ենք փաստել, որ Հայաստանի և Հունաստանի միջև հարաբերությունները՝ թե´ իրենց բովանդակությամբ և թե´ փոխադարձ քաղաքական վստահության մակարդակով, հասել են, ըստ էության, ռազմավարական գործընկերության մակարդակի, և մեր ընդհանուր նպատակն է ամրագրել այն ավելի համապարփակ և ինստիտուցիոնալ կերպով, ինչը, հուսով ենք, տեղի կունենա մոտ ապագայում։

Պաշտպանական ոլորտում համագործակցության հարցում մենք նկատելի առաջընթաց ենք արձանագրել։ Այն դարձել է հայ-հունական հարաբերությունների կարևորագույն հենասյուներից մեկը։

Պակաս կարևոր չեն նաև կրթության և մշակույթի ոլորտներում գրանցված ձեռքբերումները։ Մեր համալսարանների և թանգարանների միջև համագործակցությունն ավելի ակտիվ է, քան երբևէ, և շարունակաբար ընդլայնվում է։ Համալսարանների միջև շփումներն ավելի կանոնավոր են դարձել, ստորագրվում են նոր հուշագրեր, իսկ համագործակցությունը նպաստում է Հունաստանում՝ հայագիտության, իսկ Հայաստանում՝ հունագիտության զարգացմանը։

Հին Հայաստանի՝ պալեոլիթից մինչև վաղ քրիստոնեական ժամանակաշրջանը (մ.թ. 4-րդ դար) ընդգրկող աննախադեպ ցուցահանդեսը, որը նոյեմբերի 19-ին բացվեց Ակրոպոլիսի թանգարանում և մինչև փետրվարի 28-ը բաց կլինի հանրության համար՝ անվճար մուտքով, մեր մշակութային համագործակցության կարևորագույն ձեռքբերումն է։

Ցուցահանդեսը հստակորեն ներկայացնում է Հին Հայաստանի և հելլենիստական աշխարհի միջև քաղաքակրթական փոխազդեցության լայն ընդգրկումն ու բազմակողմանիությունը։

Ցուցադրությունը ներառում է շուրջ 200 եզակի նմուշ, որոնցից 170-ը Հայաստանի պատմության թանգարանից են (թանգարանի պատմության ընթացքում առաջին անգամ արտերկիր է տեղափոխվել հնագիտական նմուշների այսքան մեծ քանակ), իսկ շուրջ 30-ը՝ Հունաստանի և Կիպրոսի այլ թանգարաններից։ Այն հիանալի հնարավորություն է ընձեռում ինչպես հույն հասարակությանը, այնպես էլ Հունաստան այցելող հարյուր հազարավոր օտարերկրյա զբոսաշրջիկներին՝ ծանոթանալու Հայաստանի հարուստ պատմական ժառանգության առավել խորքային շերտերին, վերարժևորելու այն և, հնարավոր է, ապագայում այցելելու մեր երկիր՝ այն անմիջականորեն ճանաչելու նպատակով։

Սա ավելին է, քան լոկ միջոցառում։ Ցուցահանդեսի ողջ ընթացքում Ակրոպոլիսի թանգարանում, մեր դեսպանության հետ համագործակցությամբ, ամեն շաբաթ կկազմակերպվեն մի շարք մշակութային և կրթական միջոցառումներ։ Միևնույն ժամանակ, ցուցահանդեսի անցկացման ողջ ընթացքում Հայաստանը լայնորեն կներկայացվի Հունաստանի հանրությանը՝ մետրոյի կայարաններում, օդանավակայաններում և զանգվածային լրատվամիջոցներով։

Ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը ներկա բոլոր մարդկանց դեմքերին արտահայտված ուրախությունն ինքնին շատ բան է ասում մեր արձանագրած հաջողության մասին։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի՝ Աթենք կատարած այցի շրջանակներում, ի թիվս այլ նախաձեռնությունների, կազմակերպեցինք նաև Հայաստանի պատմության թանգարանի և Աթենքի ազգային հնագիտական թանգարանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրումը։ Հուշագրի նպատակն է մոտ ապագայում Երևանում կազմակերպել Հին Հունաստանին նվիրված՝ իր տեսակի մեջ առաջին ցուցահանդեսը։

Տնտեսական համագործակցությունը նույնպես շարունակում է զարգանալ։ Վերջին տարիներին զգալիորեն աշխուժացել են մեր գործարար կապերը, տնտեսական երկխոսությունը և ներդրումային հնարավորությունների շուրջ քննարկումները, թեև դեռ շատ անելիքներ կան։

Հունաստանում բնակվող հայերն անուրանալի դեր ունեն մեր երկրների միջև հարաբերությունների ամրապնդման գործում։ Տասնամյակներ շարունակ հունահայերը ծառայել են որպես կենդանի կամուրջ՝ Հայաստանի և Հունաստանի միջև բարեկամության համար։

Ամփոփելով՝ կցանկանայի ընդգծել, որ Հունաստանն ու Հայաստանը ներկայումս մտնում են հարաբերությունների նոր, ավելի հավակնոտ փուլ, որտեղ երկուսն էլ կշահեն ավելի մեծ ներգրավվածությունից և կապակցվածությունից։ Երկարաժամկետ և երկարատև փորձարկված արժեքները միավորում են հայերին և հույներին։ Անշուշտ, օգուտները կարևոր են, բայց Հայաստան-Հունաստան հարաբերություններում կա ավելի մեծ և լայն պատկեր։ Այս հարաբերությունները չեն թելադրվում այսրոպեական և կարճաժամկետ քաղաքական կամ տնտեսական ցնցումներով։ Այդ հարաբերությունները քաղաքակրթական են և, որպես այդպիսին, ունեն ավելի խորը արմատներ, որոնք չեն կարող վնասվել, եթե մենք չդադարենք դրանք սնուցել անընդհատ հոգատարությամբ և չսահմանենք նոր իրագործելի նպատակներ մեզ և գալիք սերունդների համար»։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում