Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2 րոպեի ընթերցում

Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Վասիլիոս Իկոնոմուի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Հունաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Մանավազյանի և խմբի անդամ Լուսինե Բադալյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Թանգարան–ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հրաչյա Թաշչյանը հյուրերին պատմել է Հայոց ցեղասպանության որոշ դրվագների մասին, տեղեկատվություն է ներկայացրել հուշահամալիրի, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի և նրա գործունեության մասին:
Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Հունաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի անդամները շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ էքսկուրսավար Մերի Եղիկյանի ուղեկցությամբ ծանոթացել են թանգարանի մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Շրջայցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Վերջում ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը շնորհակալություն է հայտնել այցելության համար և Վասիլիոս Իկոնոմուին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը: