Հայաստան–Հունաստան համագործակցության ամենաբովանդակալից էջերը դեռ կարող են գրվել գալիք տարիներին․ դեսպան Տիգրան Մկրտչյանի հարցազրույցը «Պրոինոս Լոգոս» օրաթերթին
21 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը հարցազրույց է տվել «Պրոինոս Լոգոս» օրաթերթին։ «Արմենպրես»–ը դեսպանության տարածած հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում է ստորև։
– Պարո՛ն դեսպան, բարի գալուստ Յանինա և Էպիրոս։ Առաջի՞ն անգամ եք այցելում մեր տարածաշրջան, թե՞ նախկինում ևս եղել եք այստեղ։
– Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Այո՛, սա իմ առաջին այցն է Յանինա, և ուրախ եմ Հունաստանի՝ պատմական մեծ նշանակություն ու մշակութային հարուստ ժառանգություն ունեցող այս տարածաշրջանին ավելի լավ ծանոթանալու հնարավորության համար։
Էպիրոսն առանձնանում է իր ինքնատիպ նկարագրով, որը ձևավորվել է պատմության, կրթական ավանդույթների, բնական գեղեցկության և մշակութային ժառանգության հանդեպ ամուր կապվածության շնորհիվ։ Յանինան համատեղում է պատմական նշանավոր ժառանգությունն ու ակադեմիական և մտավոր աշխույժ միջավայրը։
Որպես Հայաստանի դեսպան՝ համոզված եմ, որ մեր երկրների հարաբերությունները չպետք է սահմանափակվեն Աթենքով և Երևանով։ Ապակենտրոնացված համագործակցությունը մեր գործունեության կարևոր ուղղություններից է, և վերջին հինգ տարիների ընթացքում այցելել եմ Հունաստանի մի շարք տարածաշրջաններ։ Մեր մարզերի, քաղաքների, համալսարանների և տեղական համայնքների միջև բովանդակալից համագործակցության զգալի ներուժ կա։
Հետևաբար, իմ այցը հնարավորություն է ոչ միայն բացահայտելու Էպիրոսը, այլև հաստատելու կապեր, որոնք կարող են վերածվել երկարատև գործընկերության։

– Ո՞րն է Ձեր այցի հիմնական նպատակը։ Տեղական իշխանությունների հետ հանդիպումներ և քննարկումներ ունենալո՞ւ եք։
– Իմ այցի հիմնական նպատակն է ուսումնասիրել Հայաստանի և Էպիրոսի տարածաշրջանի միջև համագործակցության կոնկրետ հնարավորությունները՝ հատկապես գործարար կապերի, կրթության, նորարարության, մշակույթի և զբոսաշրջության ոլորտներում։
Այցի ընթացքում հնարավորություն եմ ունեցել հանդիպելու Յանինայի քաղաքապետ պարոն Թոմաս Բեգասի, Էպիրոսի նահանգապետ պարոն Ալեքսանդրոս Կախրիմանիսի, Յանինայի համալսարանի ղեկավարության, ինչպես նաև տեղական գործարար համայնքի ներկայացուցիչների, այդ թվում՝ Յանինայի պալատի և Էպիրոսի հնությունների ծառայության ներկայացուցիչների հետ։
Քաղաքապետի հետ քննարկումները հատկապես կառուցողական էին։ Մենք անդրադարձանք զբոսաշրջության, մշակութային փոխանակումների և կրթության ոլորտներում համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված ԹՈՒՄՈ կրթական մոդելի հնարավոր ներդրմանը, որը երիտասարդներին տեխնոլոգիաների և ստեղծարար ոլորտներում ուսուցման նորարարական հնարավորություններ է տրամադրում։
Տեղական մակարդակով դիվանագիտությունը համարում եմ ժամանակակից երկկողմ հարաբերությունների կարևոր բաղադրիչ։ Պետությունների կառավարությունները ձևավորում են քաղաքական շրջանակը, սակայն հաճախ հենց համայնքապետարանները, համալսարանները, ձեռներեցներն ու մշակութային հաստատություններն են այդ շրջանակը վերածում գործնական համագործակցության։
Մեր նպատակն է բացահայտել այն ուղղությունները, որոնց շրջանակում հայկական և հունական հաստատությունները կարող են մշակել փոխշահավետ ծրագրեր՝ շոշափելի և կայուն արդյունքներով։
Էպիրոս կատարած իմ այցի ամենահիշարժան դրվագներից մեկն այն էր, երբ տեղեկացանք, որ Բաֆրա և Նեոկեսարիա համայնքներում կան հայկական ծագում ունեցող ընտանիքներ, որոնք այս տարածքում բնակվում են 1920-ական թվականներից։ Թեև այս հանդիպումն ի սկզբանե ներառված չէր իմ օրակարգում, ես առանց վարանելու փոփոխեցի ծրագիրը և ուղևորվեցի այդ գյուղեր։ Այնտեղ հանդիպեցի տարբեր տարիքի մարդկանց, որոնք կրում էին մեկդարյա հիշողությունը, պահպանում իրենց արմատների ու նախնիների հիշատակը։ Նրանք իրենց հետ բերել էին տատերի ու պապերի լուսանկարները, երգում էին նրանց երգերից այնքան, որքան հիշում էին, իրենց փոքրիկ թանգարանում պահում նրանց հագուստները և հպարտությամբ բռնել էին Հայաստանի դրոշը։ Հայաստանի դեսպանի հետ նրանց առաջին հանդիպման ապրումները բառերով արտահայտելն անհնար է։

– Յանինան իր համալսարանի շնորհիվ կրթական և հետազոտական կարևոր կենտրոն է։ Ուսումնասիրելո՞ւ եք Հայաստանի հաստատությունների հետ բարձրագույն կրթության, հետազոտությունների կամ տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
– Անշուշտ։ Բարձրագույն կրթությունը, գիտական հետազոտությունները և տեխնոլոգիական նորարարությունները Հայաստանի ու Հունաստանի համագործակցության առավել հեռանկարային ուղղություններից են։
Յանինայի համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Աննա Բատիստատուի և համալսարանի ղեկավարության անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկեցինք Հայաստանի համալսարանների և գիտահետազոտական հաստատությունների հետ ակադեմիական կապերի ընդլայնման հնարավորությունները։
Կարևոր ուղղություններից է Երևանի հետ առկա ինստիտուցիոնալ համագործակցության զարգացումը, ինչպես նաև առողջապահական գիտությունների, երաժշտության, կերպարվեստի և այլ բնագավառներում նոր գործընկերությունների ուսումնասիրությունը։ Ուսանողների և դասախոսների փոխանակումները, համատեղ հետազոտական ծրագրերը, գիտաժողովները և եվրոպական կրթական ծրագրերին մասնակցությունը կարող են դառնալ այս համագործակցության բաղադրիչները։ Նախկինում Յանինայի համալսարանի և Երևանի պետական համալսարանի միջև համագործակցության համաձայնագիրը սահմանափակվում էր քիմիայի ոլորտով։ Ակնհայտ է, որ այս մոտեցումը պետք է վերանայվի, և համագործակցությունը դառնա շատ ավելի ընդգրկուն՝ հաշվի առնելով երկու կողմերի՝ միմյանց առաջարկվող հետազոտական ներուժը։
Հայաստանը զգալի ներդրումներ է կատարել տեխնոլոգիական կրթության, թվային նորարարության և գիտելիքահեն տնտեսության զարգացման ուղղությամբ։ Կարծում եմ՝ Յանինայի համալսարանի ակադեմիական փորձառությունը Հայաստանի տեխնոլոգիական և կրթական հաստատությունների հնարավորությունների հետ համադրող նախաձեռնությունները կարող են արժեքավոր հնարավորություններ ստեղծել երկու կողմերի համար։
Մեր նպատակը պետք է լինի համագործակցության ընդհանուր հայտարարություններից առաջ անցնելը և իրագործելի կոնկրետ նախագծերի, հետազոտական գործընկերությունների ու փոխանակման ծրագրերի սահմանումը։
– Համալսարանից բացի, Էպիրոսն ունի զարգացած առաջնային արտադրության ոլորտ, աճող զբոսաշրջություն և տեղական մի շարք յուրահատուկ արտադրանքներ։ Տեսնո՞ւմ եք արդյոք տեղական շուկայի և Ձեր երկրի միջև գործարար փոխանակումների զարգացման կամ առևտրային համաձայնությունների կնքման ներուժ։
– Անշուշտ, նման ներուժ կա, և տնտեսական համագործակցությունն այն ուղղություններից է, որտեղ Հայաստանն ու Հունաստանը կարող են շատ ավելին իրականացնել։
Էպիրոսը նշանակալի առավելություններ ունի գյուղատնտեսական արտադրության, սննդի վերամշակման, կաթնամթերքի արտադրության և զբոսաշրջության ոլորտներում։
Հայաստանն էլ ունի ինքնատիպ գյուղատնտեսական ավանդույթներ, զարգացող սննդի վերամշակման արդյունաբերություն և միջազգայնորեն ճանաչված արտադրանք, մասնավորապես՝ գինի, կոնյակ, բարձրորակ չրեր և բարձրարժեք այլ գյուղմթերքներ։
Այս ընդհանրությունները կարող են հնարավորություններ ստեղծել առևտրային փոխանակումների, համատեղ առաջմղման, ինչպես նաև սննդամթերքի արտադրության և գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտներում փորձի փոխանակման համար։
Յանինայի պալատ այցելության ընթացքում քննարկեցինք հայ և տեղական գործարարների միջև կապերի զարգացման կարևորությունը։
Զբոսաշրջությունը ևս հատկապես հեռանկարային ուղղություն է։ Էպիրոսն առաջարկում է լեռնային բնապատկերների, ավանդական ճարտարապետության, մշակութային ժառանգության և տեղական ինքնատիպ կյանքի հետ ծանոթանալու բացառիկ համադրություն։ Հայաստանն ունի համադրելի գրավչություններ՝ լեռնային բնապատկերներ, հնագույն վանքեր, ավանդական գյուղեր և զարգացող արկածային զբոսաշրջություն։
Զագորիի մշակութային լանդշաֆտի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում լրացուցիչ հնարավորություն է ստեղծում կայուն զբոսաշրջության և ժառանգության պահպանության ոլորտներում փորձի փոխանակման համար։
Ես կխրախուսեի գործարարների միջև անմիջական կապերի հաստատումը, առևտրային ցուցահանդեսներին մասնակցությունը և առևտրի պալատների ու զբոսաշրջային կազմակերպությունների միջև համագործակցությունը։
Խնդիրը միայն հնարավորությունները բացահայտելը չէ, այլև համապատասխան գործարարներին ու հաստատություններին միմյանց կապելը և նրանց հետաքրքրությունը գործնական արդյունքների վերածելը։
Այցիս ընթացքում պատիվ ունեցա բյուզանդագետ, Էպիրոսի հնությունների ծառայության տնօրեն, դոկտոր Իոաննիս Խուլիարասի հետ այցելելու Յանինայի կղզու հրաշալի վանքերը։ XIII դարի Սուրբ Նիկողայոս Ֆիլանտրոպինների վանքի հիասքանչ որմնանկարների շարքում հայտնաբերեցի Սուրբ Գրիգոր Լուսավորչին և IV դարի նահատակներ Սուրբ Հռիփսիմեին ու Սուրբ Գայանեին պատկերող ցնցող տպավորիչ որմնանկարը։ Կարծում եմ՝ շատ հայեր կցանկանան տեսնել այս հրաշքը։
Սա ոչ միայն հոգևոր և մշակութային կապի դրսևորում է, այլև զբոսաշրջային արժեք։
– Հունաստանն ու Հայաստանն ունեն երկարամյա բարեկամություն, պատմական ընդհանուր պայքար և մշակութային խոր կապեր։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ նշանակություն ունի այս պատմական ժառանգությունը երկու երկրների ժողովուրդների ժամանակակից հարաբերությունների համար։
– Հայաստանի և Հունաստանի հարաբերությունները բացառիկ են, քանի որ դրանց հիմքում սովորական դիվանագիտական հարաբերություններից ավելի խոր կապեր են։
Մեր ժողովուրդները դարեր շարունակ պահպանել են մշակութային, հոգևոր և պատմական սերտ առնչություններ։ Երկու ժողովուրդներն էլ ունեն հնագույն քաղաքակրթություններ, ինքնատիպ լեզուներ ուավանդույթներ և պատմական ամուր գիտակցություն։
Մենք նաև մեր պատմության ընթացքում դժվարին ժամանակաշրջաններ ենք ապրել։ Այդ փորձառություններն ամրապնդել են ազգային ինքնության, պատմական հիշողության և մշակութային ժառանգության պահպանության կարևորության վերաբերյալ մեր փոխըմբռնումը։
Հայերը մշտապես արժևորել են մեր պատմության ամենադժվար էջերից մի քանիսի ընթացքում հույն ժողովրդի ցուցաբերած համերաշխությունը։
Հունաստանի հայ համայնքն ինքնին այս հարաբերությունների կենդանի վկայությունն է։ Նրա անդամներն իրենց ներդրումն են ունեցել հունական հասարակության կյանքում՝ միաժամանակ պահպանելով հայկական մշակութային ինքնությունն ու ավանդույթները։
Սակայն մեր պատմական բարեկամության իրական նշանակությունը պայմանավորված է ոչ միայն անցյալը հիշելով, այլև այն ամենով, ինչ կառուցում ենք դրա հիմքի վրա։
Մեր ընդհանուր ժառանգությունը փոխադարձ վստահության հիմք է ապահովում, և այդ վստահությունը պետք է մեզ մղի ավելի սերտ համագործակցության՝ ժամանակակից մարտահրավերներին դիմակայելու համար։
Պատմությունը խորություն է հաղորդում մեր հարաբերություններին, իսկ կրթությունը, նորարարությունը, տնտեսական համագործակցությունն ու մարդկանց միջև անմիջական կապերը պետք է ապահովեն դրանց ապագան։
– Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է այսօր զարգացնել համատեղ մշակութային նախաձեռնություններ և կրթական փոխանակումներ, որոնք կարող են ավելի ամրապնդել մեր կապերը՝ մերձեցնելով երկու երկրների երիտասարդներին։
– Դա ոչ միայն հնարավոր է, այլև, իմ համոզմամբ, պետք է դառնա մեր առաջնահերթություններից մեկը։
– Մշակութային դիվանագիտությունը և կրթական փոխանակումներն ամենաարդյունավետ գործիքներից են, որոնք մենք առաջ ենք մղել վերջին մի քանի տարիների ընթացքում, և արդյունքներն ակնհայտ են։ Ստորագրվել են մի շարք միջհամալսարանական հուշագրեր, և համագործակցությունը շարունակվում է։
Մենք ձգտում ենք ներգրավել նոր համալսարաններ և ակադեմիական ավելի շատ ուղղություններ, որոնք կարող են միմյանց կապել մեր ակադեմիական համայնքներին ու երիտասարդներին։ Յանինայի համալսարան այցելության ընթացքում հնարավորություն ունեցա շփվելու ակադեմիական համայնքի հետ և քննարկելու համալսարանի՝ հայկական մի շարք բուհերի հետ նախատեսվող համագործակցությունը։
Զգալի ներուժ եմ տեսնում համատեղ ցուցահանդեսների, երաժշտական և արվեստի փառատոների, գիտաժողովների, երիտասարդական փոխանակումների և համատեղ մշակութային ծրագրերի իրականացման համար։
Մեր մշակութային դիվանագիտության գագաթնակետը կլինի նոյեմբերի 19-ին Ակրոպոլիսի թանգարանում «Հին Հայաստան» ցուցահանդեսի բացումը։ Այն նախաձեռնվել է Հունաստանում Հայաստանի դեսպանության կողմից, համատեղ կազմակերպվել Հայաստանի պատմության թանգարանի և Ակրոպոլիսի թանգարանի կողմից՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ¹։ Ցուցահանդեսը կտևի ավելի քան երեք ամիս՝ անվճար մուտքով և ամբողջ Հունաստանում շարունակական գովազդային ուղեկցմամբ։ Երկու հարյուր ցուցանմուշները կներկայացնեն հայերի և հույների փոխազդեցությունները՝ մ.թ.ա. I հազարամյակից մինչև մ.թ. IV դարը։
Կարող եմ վստահաբար ասել, որ Հունաստանում այս մասշտաբի ցուցահանդես երբևէ չենք ունեցել։
– Վերջին տարիներին ջանքեր են գործադրվում Հունաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական ու պաշտպանական երկկողմ կապերը խորացնելու ուղղությամբ։ Այս փուլում որո՞նք են դեսպանության հիմնական առաջնահերթությունները՝ այդ գործընթացի հաջողությունն ապահովելու համար։
– Հայաստանը Հունաստանը համարում է Եվրոպայում իր ամենամերձավոր և ամենավստահելի գործընկերներից մեկը։ 2026 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հանդիպումը վերահաստատեց երկու կառավարությունների հանձնառությունը՝ երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հարցում։ Մենք սպասում ենք Հունաստանի վարչապետի՝ Հայաստան առաջին այցին, որը հարաբերությունները կբարձրացնի որակապես նոր մակարդակի։
Մենք աշխատում ենք մեր գործընկերության ռազմավարական հիմքերն ավելի ամրապնդելու ուղղությամբ։ Պաշտպանության և անվտանգության ոլորտներում համագործակցությունը կարևոր առաջնահերթություն է։
Հայաստանը բարձր է գնահատում Հունաստանի երկարամյա ներդրումը մեր պաշտպանական կարողությունների զարգացման և արդիականացման գործում՝ մասնավորապես ռազմական կրթության, մասնագիտական պատրաստության և ինստիտուցիոնալ համագործակցության ոլորտներում։
Երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակը, ինչպես նաև Հայաստան–Հունաստան–Կիպրոս եռակողմ ձևաչափը լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում համակարգված համագործակցության համար։
Այդուհանդերձ, կցանկանայի ընդգծել, որ մեր հարաբերությունների ռազմավարական հարթությունը պաշտպանության ոլորտից շատ ավելի լայն է։
Մեկ այլ առաջնահերթություն է Հունաստանի կառուցողական դերը՝ Եվրոպական միության հետ Հայաստանի գործընկերության շարունակական զարգացման գործում։
– Կցանկանայի՞ք, որ Հունաստանը՝ որպես Եվրոպական միության անդամ պետություն, դերակատարում ունենար Ձեր տարածաշրջանում կայունության և խաղաղության խթանման գործում՝ հաշվի առնելով, որ այն ներկայում աշխարհաքաղաքական խոշոր զարգացումների կենտրոնում է։
– Անշուշտ։ Հայաստանը կարևորում է Եվրոպական միության ներդրումը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և կայուն զարգացման գործում, և Հունաստանն այս համատեքստում կարևոր դեր ունի։
Հարավային Կովկասը պատմական վերափոխման փուլում է։ Ավելի քան երեք տասնամյակ տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել՝ նոր էջ բացելով տարածաշրջանի պատմության մեջ։
2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած պատմական խաղաղության գագաթնաժողովը կարևոր հանգրվան դարձավ այս գործընթացում՝ Համատեղ հռչակագրի ստորագրմամբ և «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախաստորագրմամբ։
Այսօր մեր առաջնահերթությունն է հաստատված խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումն ու ամրապնդումը՝ հիմնվելով Վաշինգտոնի գագաթնաժողովի ձեռքբերումների վրա։
Խաղաղությունը պետք է նաև շոշափելի տնտեսական օգուտներ ստեղծի տարածաշրջանի բնակչության համար, ինչն ինքնին դառնում է խաղաղության յուրատեսակ երաշխիք։ Այդ պատճառով Հայաստանը մեծ կարևորություն է տալիս տարածաշրջանային փոխկապակցվածության, առևտրի և ենթակառուցվածքների զարգացմանը։
«Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունն արտացոլում է փոխկապակցված Հարավային Կովկասի մեր տեսլականը, որտեղ տրանսպորտային և տնտեսական համագործակցությունը նպաստում են բարգավաճմանն ու կայունությանը։
«Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»՝ TRIPP նախագծի ուղղությամբ շարունակվող աշխատանքը ձևավորվող տարածաշրջանային փոխկապակցվածության օրակարգի մեկ այլ կարևոր բաղադրիչ է։
Եվրոպական միությունը կարող է կառուցողական դեր խաղալ՝ ընդլայնելով աջակցությունը տնտեսական դիվերսիֆիկացմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և ինստիտուցիոնալ բարեփոխումներին։
Հայաստան–ԵՄ հարաբերությունները թևակոխել են հատկապես կարևոր փուլ՝ 2025 թվականի դեկտեմբերին ԵՄ–Հայաստան գործընկերության նոր ռազմավարական օրակարգի ընդունումից հետո։
Մենք արժևորում ենք Հունաստանի բարեկամությունը և նրա աջակցությունը եվրոպական կառույցների հետ Հայաստանի հարաբերությունների հետագա զարգացմանը։
Տնտեսական դիվերսիֆիկացման համատեքստում կցանկանայի հատկապես ընդգծել հայկական ապրանքների նկատմամբ կիրառվող ԵՄ ինքնավար առևտրային միջոցները, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում դեպի ԵՄ, այդ թվում՝ հունական շուկա հայկական արտահանման ընդլայնման և մեր առևտրատնտեսական կապերի հետագա ամրապնդման համար։
– Եզրափակելով՝ ի՞նչ ուղերձ կցանկանայիք հղել Էպիրոսի բնակիչներին՝ հունահայկական հարաբերությունների ապագայի վերաբերյալ։
– Էպիրոսի բնակիչներին իմ ուղերձը բարեկամության, հարգանքի և անկեղծ լավատեսության ուղերձ է։ Հայերին և հույներին դարեր շարունակ կապել է պատմությունը, սակայն կարծում եմ՝ մեր համագործակցության ամենաբովանդակալից էջերը դեռ կարող են գրվել գալիք տարիներին։ Յանինան և Էպիրոսը շատ բան ունեն առաջարկելու Հայաստանին, ինչպես Հայաստանը՝ այս նշանավոր տարածաշրջանին։
Հատկապես կխրախուսեի երիտասարդներին, համալսարաններին, ձեռներեցներին, արվեստագետներին և տեղական հաստատություններին բացահայտել Հայաստանը և ուսումնասիրել անմիջական համագործակցության հնարավորությունները։
Հայաստանի դեսպանությունը պատրաստ է աջակցելու մեր հասարակությունները մերձեցնող նախաձեռնություններին։
Հուսով եմ՝ իմ այցը կազդարարի Հայաստանի և Էպիրոսի միջև ավելի ակտիվ ու տևական հարաբերությունների սկիզբը։
Մեր բարեկամությունն անցյալից ժառանգություն է, իսկ դրա ապագան՝ մեր ընդհանուր պատասխանատվությունը։