Հունաստան

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

2 րոպեի ընթերցում

Հունաստանում Հայաստանի դեսպանը ներկա է գտնվել «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը

Հունաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Աթենքի Դուրղութի պատմական թաղամասում անցկացվող ամենամյա «Դուրղութին հիշում է Շրջափակումը» խորագրով հիշատակի միջոցառմանը, որն այս տարի անցկացվեց երկրորդ անգամ։

Միջոցառումը նվիրված էր 1944 թվականի օգոստոսի Դուրղութիում տեղի ունեցած շրջափակման զոհերի, ինչպես նաև նացիստական օկուպացիայի տարիներին հալածանքների, բռնությունների և մահապատիժների ենթարկված մարդկանց հիշատակին, որոնց թվում էին նաև բազմաթիվ հայեր։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, միջոցառումը կազմակերպել էին Հունաստանի հայերի միությունը և «Պիղասոս» մարզամշակութային միությունը՝ Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ և հովանու ներքո։

Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը ծաղկեպսակ է դրել Դուրղութիի Բլոկի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհերի հիշատակին, ապա հանդես է եկել ելույթով՝ ընդգծելով հայ և հույն ժողովուրդների պատմական բարեկամությունը, ընդհանուր փորձությունների և պայքարի հիշողությունը, ինչպես նաև պատմական հիշողությունը սերունդներին փոխանցելու կարևորությունը։

Միջոցառմանը ներկա էին Հունաստանի պետական և խորհրդարանական կառույցների, տեղական ինքնակառավարման մարմինների, եկեղեցական շրջանակների, քաղաքական ուժերի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հիշատակի արարողությանը հաջորդել է Դուրղութիի հրապարակում Աթենքի քաղաքապետարանի Հունական երաժշտության արվեստանոցի համերգային ծրագիրը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում