Հայաստան

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

2 րոպեի ընթերցում

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պետ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։

Պատվիրակությանը դիմավորել և այցի ընթացքում ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ թանգարան–ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ, բրիգադի գեներալ Թաքուր Մայանկ Սինհան ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև պատվիրակոըւթյան անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով սրբադասված նահատակների հիշատակին։

Հյուրերը շրջայց են կատարել Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ծանոթանալով մշտական և ժամանակավոր ցուցադրություններին։

Այցի ավարտին պատվիրակության ղեկավար Թաքուր Մայանկ Սինհան իր տպավորություններն է գրառել Հայոց ցեղասպանության թանգարանի Պատվավոր հյուրերի հուշամատյանում։

Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության և տպավորիչ շրջայցի համար՝ Հրաչյա Թաշչյանին և էքսկուրսավար Մերի Եղիկյանին հանձնելով հուշանվերներ։

ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն իր հերթին շնորհակալություն է հայտնել այցի համար և պատվիրակության ղեկավարին նվիրել Հայոց ցեղասպանության թանգարանի պատկերագիրքը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում