Հայաստան

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

3 րոպեի ընթերցում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հուլիսի 8-11-ը ամառային դպրոցի շրջանակում հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի (George School) աշակերտներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը։

Ծրագիրն իրականացվել է «Genocide Education Project»-ի հետ համագործակցությամբ և նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել Հայոց ցեղասպանության պատմության տարբեր ասպեկտներին։ Հարկ է նշել, որ սա առաջին դեպքն է, երբ Հայոց ցեղասպանության թեմայով կրթական ծրագրի շրջանակում ՀՑԹԻ են այցելում ԱՄՆ-ից ժամանած դպրոցականներ։  

Նշվում է, որ ամառային դպրոցի նախաձեռնողը՝ Ջորջ ավագ դպրոցի ուսուցչուհի Մերեդիթ Բալդին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և «Genocide Education Project»-ի կողմից համատեղ իրականացվող՝ Հայոց ցեղասպանության թեմայով ամերիկացի ուսուցիչների վերապատրաստման ամենամյա կրթական ծրագրի 2024 թվականին մասնակիցներից է։

Այս տարի նա Հայաստան էր ժամանել արդեն իր աշակերտների հետ։ Ամառային դպրոցի շրջանակում մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

Չորս օրերի ընթացքում աշակերտները ՀՑԹԻ գիտաշխատողների ուղեկցությամբ մասնակցել են շրջայցերի և թեմատիկ դասընթացների։ Քննարկվել են Հայոց ցեղասպանության տարբեր ասպեկտներ, այդ թվում՝ զանգվածային բռնությունների ընթացքում մեդիայի և քարոզչության դերը, վերապրածների վկայությունների նշանակությունը, ինչպես նաև առանձին անդրադարձ է կատարվել Ավրորա Մարդիգանյանի կյանքին և «Հոգիների աճուրդ» ֆիլմին։

Ծրագրի շրջանակում աշակերտների գործնական պարապմունքները վարել են Ջորջ դպրոցի ուսուցիչներ Մերեդիթ Բալդին և Փրեսքոթ Սերայդարյանը։ 

ՀՑԹԻ-ում անցկացվող կրթական ծրագրից բացի, աշակերտներն այցելել են նաև Մատենադարան, Հայաստանի մի շարք պատմամշակութային վայրեր՝ առավել մոտիկից ծանոթանալով երկրի մշակույթին և հարուստ պատմական ժառանգությանը։

Նման նախաձեռնությունները կարևոր դեր են կատարում միջազգային կրթական համագործակցության զարգացման, ցեղասպանության հանցագործության ճանաչողության բարձրացման, հիշողության պահպանման, ինչպես նաև երիտասարդ սերնդի շրջանում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իրազեկվածության բարձրացման գործում։  

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում