Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա բազմոլորտ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

2 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը քննարկել են Հայաստան-Ռումինիա բազմոլորտ համագործակցության զարգացմանն ուղղված մի շարք հարցեր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռումինիա մեկնարկել է նախագահ Նիկուշոր Դանի հետ հանդիպումով: Նախագահական նստավայրում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը: 

Հաջորդիվ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռումինիայի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկուշոր Դանը ողջունել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Ռումինիա և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ռումինիայի նախագահը կարևորել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման կարևորությունը: Միաժամանակ, Նիկուշոր Դանը հայտնել է Ռումինիայի լիակատար աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: 

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ այս այցը կարևորում է երկկողմ բազմոլորտ փոխգործակցության առկա ներուժն իրացնելու առումով: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է քաղաքական, տնտեսական և հումանիտար կապերի խորացմանն ուղղված քայլերին: ՀՀ վարչապետն ընդգծել է նաև վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության խթանման կարևորությունը: 

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին: Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ հաստատված խաղաղության արդյունքում ստեղծվող հնարավորությունները և նշել, որ երեկ տրվել է հաղորդակցությունների ապաշրջափակմանը միտված TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկը: Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա շրջանակում աշխատանքներին: 

Նիկոլ Փաշինյանը և Նիկուշոր Դանը մտքեր են փոխանակել միջազգային նշանակության այլ թեմաների շուրջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում