Հայաստան

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզ

2 րոպեի ընթերցում

Անահիտ Մանասյանն աշխատանքային այց է իրականացրել Կոտայքի մարզ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Նոյեմբերի 23-ին աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։

Այցի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանի հետ։

Քննարկվել են մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրները, սոցիալ-տնտեսական հիմնահարցերը, ինչպես նաև համագործակցության ընթացիկ ուղղություններն ու հնարավորությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել կրթության իրավունքի ապահովմանը, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, հանրային տրանսպորտի ու աղբահանության կազմակերպմանը, թափառող շների և ջրամատակարարման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև այլ հարցերի։

Պաշտպան Անահիտ Մանասյանը կարևորել է բոլոր մարմինների պատշաճ համագործակցությունը՝ ընդգծելով, որ համատեղ ջանքերով անհրաժեշտ է շարունակաբար կատարելագործել այն համակարգերը, որոնք անմիջական ազդեցություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետության վրա։

«Մարզերի բնակիչների իրավունքների պաշտպանությունը իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է։ Տարբեր բնակավայրեր իրականացվող այցերի ընթացքում արձանագրում ենք տարաբնույթ խնդիրներ։ Այս համատեքստում կարևորում եմ արդյունավետ համատեղ աշխատանքը, որի շնորհիվ խնդիրները կարող են արագ լուծումներ ստանալ։ Անհրաժեշտ է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար գործի իրավունքների իրացման պատշաճ և արդյունավետ համակարգ»,- նշել է Պաշտպանը։

Անահիտ Մանասյանը շնորհավորել է Լիլիթ Ստեփանյանին մարզպետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ մարզում շարունակաբար կկատարելագործվեն այն համակարգերը, որոնք էական ազդեցություն ունեն մարդկանց կյանքի որակի վրա։

Երկուստեք ընդգծվել է խնդիրներին արագ արձագանքելու և արդյունավետ հաղորդակցություն ապահովելու կարևորությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում