Ի՞նչ առանձնահատկություններ ունեն գանձապետական պարտատոմսերը․ մանրամասնում է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը
2 րոպեի ընթերցում

Ֆիզիկական անձինք իրենց ազատ դրամական միջոցներով կարող են ներդրումներ կատարել Հայաստանի պետական գանձապետական պարտատոմսերում՝ ստանալով տոկոսային եկամուտներ և աջակցելով հանրային նշանակություն ունեցող ծրագրերի ֆինանսավորմանը։
Հայաստանի ֆինանսների նախարարությունը պետական պարտատոմսերում ներդրումներ կատարելու վերաբերյալ իրականացնում է տեղեկատվական արշավ․ այս թեմայի շուրջ «Արմենպրես»-ի թղթակիցը հարցազրույց է անցկացրել ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի հետ։
«Պետական պարտատոմսերն ունեն կարևոր առանձնահատկություններ։ Ամենակարևորն այն է, որ գանձապետական պարտատոմսերը երաշխավորված են պետության կողմից, ռիսկայնության գործոնը հավասարեցված է զրոյի։ Պետությունը գանձապետական պարտատոմսերում ներդրումներ կատարած քաղաքացիներին երաշխավորում է գումարների ամբողջական և ժամանակին վերադարձ։

Կարևոր առանձնահատկություն է նաև այն, որ գանձապետական պարտատոմսերում ներդրումներ կատարելուց հետո ստացված եկամուտները չեն հարկվում եկամտային հարկով։ Նաև պետք է նշեմ, որ ներդրումներ կատարելիս գումարային սահմանափակումներ չկան։ Ֆիզիկական անձինք 1000 դրամից սկսած կարող են ներդրումներ կատարել պետական գանձապետական պարտատոմսերում»,- նշել է Վահե Հովհաննիսյանը։
Նարեկ Առուշանյան