Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանին 270 մլն եվրոյի վարկ կտրամադրի
2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ տարեկան խորհրդակցությունների շրջանակում Զարգացման ֆրանսիական գործակալությունը ստորագրել է 270 միլիոն եվրոյին համարժեք ֆինանսավորման համաձայնագիր։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունից։
«ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված 250 միլիոն եվրոյի առաջին վարկը, որը ռեկորդային ցուցանիշ է, նախատեսված է աջակցելու ֆինանսական կառավարման ոլորտում պետական բարեփոխումներին։ 23 միլիոն դոլարի երկրորդ վարկը, որն առաջին անգամ արժույթավորվում է ՀՀ դրամով, ֆինանսավորում է խոցելի ընտանիքների, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովումը։ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի Հայաստան կատարած պետական այցից հինգ ամիս անց, մայիսին ստանձնած պարտավորությունները կյանքի են կոչվում»,- ասված է հաղորդագրությունում։
2012 թվականից ի վեր Հայաստանում գործող Զարգացման ֆրանսիական գործակալությունը (ԶՖԳ) աջակցում է Հայաստանի իշխանություններին, տնտեսական ոլորտի դերակատարներին և քաղաքացիական հասարակությանը մի շարք ոլորտներում՝ հանրային ֆինանսներ, բնակարանային ապահովում, ջրային ռեսուրսներ և գյուղատնտեսություն, կլիմայի փոփոխության դեմ պայքար, ձեռնարկատիրություն և ֆինանսական ներառականություն։ Երկրի նկատմամբ ԶՖԳ ընդհանուր պարտավորություններն այժմ կազմում են ավելի քան 850 միլիոն եվրո։