Ֆինանսներ

Կառավարությունը 23 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 1,15 մլրդ դրամ

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը 23 սուբվենցիոն ծրագրի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 1,15 մլրդ դրամ

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 8-ի նիստում հավանություն տվեց 13 համայնքի 23 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար շուրջ 1,15 մլրդ դրամ հատկացնելու նախագծին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշման նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

«Նախագծով առաջարկվում է համաֆինանսավորել 13 համայնքների թվով 23 սուբվենցիոն ծրագիր»,- ասաց նախարարը։

Ֆինանսավորումը վերաբերում է Արարատի մարզի մեկ, Արմավիրի՝ ութ, Գեղարքունիքի՝ երկու, Լոռու՝ երեք, Կոտայքի և Սյունիքի՝ մեկական, Տավուշի՝ յոթ ծրագրի։ Խուդաթյանի խոսքով՝ այս հատկացմամբ 2026 թվականին պետական բյուջեից սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման ընդհանուր գումարը կհասնի 13 մլրդ 165 մլն դրամի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց ֆինանսավորվող աշխատանքների մի շարք օրինակներ։ Դրանց թվում են Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրի մանկապարտեզի կառուցումը և հարակից տարածքի բարեկարգումը։

«Ավարտված են աշխատանքները։ Նախադպրոցական հաստատությունը նախատեսված է 80 սանի համար»,- նշեց վարչապետը։

Ծրագրերի շրջանակում իրականացվել են նաև Վաղարշապատ համայնքի Դաշտ բնակավայրի փողոցների գազաֆիկացումը, Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրում ճանապարհի ասֆալտապատումը, ջրամատակարարման և ոռոգման ենթակառուցվածքների կառուցման ու նորոգման աշխատանքները։

Ըստ նախագծի հիմնավորման՝ գումարը կուղղվի շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունների կատարմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում