Երևանի լողի թիմերը հաղթեցին «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների մրցաշարում
4 րոպեի ընթերցում

Հայտնի դարձան «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների լողի մրցաշարի եզրափակիչ փուլի հաղթողներն ու մրցանակակիրները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի լողավազանում կայացած եզրափակիչ փուլին մասնակցեցին երեխաներ Հայաստանի բոլոր մարզերից՝ բացառությամբ Վայոց Ձորի մարզի:
Եզրափակիչ փուլին հետևեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու Կոտայքի մարզպետ Լիլիթ Ստեփանյանը:
Այս տարի մրցաշարին մասնակցել է 1479 աշակերտ, որոնցից 865-ը՝ ՀՀ մարզերից, իսկ 614-ը՝ Երևանի վարչական շրջաններից։
Մրցաշարն անցկացվեց երկու տարիքային խմբով. առաջին խմբում ընդգրկված են 4-7-րդ դասարանների՝ 2014-2017 թվականներին ծնված աշակերտները, իսկ երկրորդում՝ 8-12-րդ դասարանների՝ 2009-2013 թվականներին ծնված աշակերտները։ Յուրաքանչյուր տարիքային խմբում թիմերը կազմված են 8 մասնակցից՝ 4 աղջիկ և 4 տղա։ Առաջին տարիքային խմբի մասնակիցները մրցեցին 8×50 մետր, իսկ երկրորդ տարիքային խմբի մասնակիցները՝ 8×100 մետր փոխանցումալողում՝ ազատ ոճով և խառը կազմով։
«Վարչապետի գավաթ» մրցաշարով ուզում ենք դպրոցականների կյանքում նոր իրադարձություն ստեղծել: Մեր խնդիրը երեխաների շրջանում առողջ ու ազնիվ մրցակցությունը խթանելն է: Ինչպես նաև թիմային մտածողության ու տրամաբանության զարգացումն է: Մենք հատուկ ենք այս կերպ պլանավորել, որ լողն ու մյուս մրցաշարերը լինեն թիմային մրցակարգով: Թե սպորտում, թե երաժշտությունում, ամենուր լավագույնները նրանք են, ովքեր ամեն օր ջանք են գործադրում, իրենց անհատական կարողությունները, իմացությունները, ընդունակությունները զարգացնելու համար: Յուրաքանչյուր երեխա բացառիկ տաղանդավոր է, մեր խնդիրն է ամեն ինչ անել, որպեսզի մեր երեխաների տաղանդը բացահայտվի»,-դիմելով ներկաներին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Առաջին տարիքային խմբի հաղթողը Երևանի թիմն է, երկրորդը՝ Կոտայքն է, իսկ եռյակի վերջում Շիրակն է: Երկրորդ տարիքային խմբում լավագույն եռյակում են՝ Երևանի, Շիրակի ու Լոռու հավաքական թիմերը:
«Ուրախալի է, որ այս տարի եզրափակիչ փուլին մասնակցում են դպրոցականներ Արարատի ու Գեղարքունիքի մարզից: Եվ ամենակարևորը, որ «Վարչապետի գավաթ» մրցաշարի միջոցով փոխվում է մեր մոտեցումը սպորտի, առողջ ապրելակերպի նկատմամբ»,-ասաց Ժաննա Անդրեասյանը:
Առաջին տեղը զբաղեցրած թիմը ստացավ 4 միլիոն դրամ, երկրորդ տեղը՝ 2 միլիոն 500 հազար դրամ, իսկ երրորդ տեղը՝ 1 միլիոն 500 հազար դրամ մրցանակ։ Թիմերին հատկացվող դրամական պարգևները համամասնորեն կբաշխվեն հավաքական թիմերի անդամների դպրոցների միջև՝ մարզական ենթակառուցվածքների բարելավման կամ մարզական գույքի ձեռքբերման նպատակով։
Դրամական պարգևներ ստացան նաև մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտները։ Առաջին տեղը զբաղեցրած թիմի 8 մասնակիցներից յուրաքանչյուրը արժանացավ 150 հազար, երկրորդ տեղը՝ 100 հազար, իսկ երրորդ տեղը՝ 75 հազար դրամ։
Պարգևատրվեցին նաև մրցանակակիր թիմերի պատասխանատուները՝ մարզիչները կամ ֆիզկուլտուրայի ուսուցիչները։ 1-3-րդ տեղերը զբաղեցրած թիմերի ուսուցիչները ստացան համապատասխանաբար 150 հազար, 100 հազար և 75 հազար դրամ: