ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը հանդիպել է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալի հետ
1 րոպեի ընթերցում

Միգրացիայի 11-րդ միջազգային համաժողովի շրջանակում Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հանդիպել է Միգրացիայի քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի (ICMPD) գլխավոր տնօրենի տեղակալ Սեդեֆ Դիրինգի հետ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ներքին գործերի նախարարությունից, հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքը, արձանագրված առաջընթացն ու առկա մարտահրավերները, նաև Հայաստանում սահմանների կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումները։
Արմեն Ղազարյանը կարևորել է ICMPD-ի գրասենյակի աշխատանքների շարունակականության ապահովումը։ Կողմերն անդրադարձել են ոլորտային ծրագրերի տեխնիկական աջակցության և անհրաժեշտ ռեսուրսների ներգրավման հնարավորություններին։ Անդրադարձ է կատարվել նաև ոլորտային գործընթացների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման անհրաժեշտությանը: