ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները կտրուկ աճել են, քաղաքացիությունը գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար. Արմեն Ղազարյան
6 րոպեի ընթերցում

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյանը հայտարարել է, որ վերջին տարիներին Հայաստանից քաղաքացիություն ստանալու դիմումների քանակն էականորեն ավելացել է՝ շեշտելով, որ Հայաստանի քաղաքացիությունը հիմնականում օգտագործվել է երկու նպատակով։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 14-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարն ասել է, որ առաջին նպատակը ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելն է։
«Եթե ուշադրություն դարձնեք այն տարիներին, երբ սփյուռքի մեր հայահոծ համայնքներում կային խնդիրներ, օրինակ, որոշակի երկրների հետ, որտեղ մեր հայրենակիցներն այդ երկրի քաղաքացիներ էին և չէին կարողանում ճամփորդել, ունեին ճամփորդական բարդություններ։ Ներկայում ևս կա նման իրողություն, ակնհայտ է, Ռուսաստանի հայ համայնքի հետ կապված։ Եվ մենք նկատում ենք Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելու դիմումների կտրուկ աճ։ Եթե նայեք 2025 թվականի քաղաքացիություն ստանալու դիմումներին, դրանց քանակը գերազանցել է 32 հազարը, դա Հայաստանի գոյության պատմության ամբողջ ընթացքի պատմական մաքսիմումն է։ Դրան նախորդած երկու տարիներին այդ դիմումները եղել են 20 հազարից ավելի, եթե դրանից էլ ենք հետ գնում, արդեն տեսնում ենք 7-8 հազար միջին թվեր։ Տեսնում ենք՝ ինչ-որ իրադարձություն տեղի ունեցավ, մասնավորապես, ռազմական գործողություններ Ուկրաինայի տարածքում, տեղի ունեցան ճամփորդական սահմանափակումներ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ և հետո տեսնում ենք մեր քաղաքացիության ոլորտում նման դիմումների աճ։ Եվ, եթե հիմքերն էլ ուսումնասիրենք, կտեսնենք, որ Ռուսաստանի այն քաղաքացիները, որոնք հիմնականում դիմում են Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար, ազգությամբ հայեր են։ Այսինքն, այս տենդենցը հիմնականում առնչվում է մեր սփյուռքին»,- մանրամասնել է Ղազարյանը։
Նրա խոսքով՝ ստացվում է, որ ՀՀ քաղաքացիությունն այս դեպքում գործիքայնացվում է պարզապես ճամփորդական փաստաթուղթ ձեռք բերելու համար։
«Որովհետև եթե նայենք, թե ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ձեռք բերելու ինչպիսի պահանջներ ունի Հայաստանի Հանրապետությունը, այդ պահանջները զրոյական են, այսինքն՝ որևէ պահանջ չունի։ Հիմա դուք կարող եք ասել, որ մեր հայրենակիցներից պարբերաբնար լսում ենք, որ Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերելը բարդ է։ Ես ամենայն վստահությամբ պնդում եմ, որ դա այդպես չէ։ Կարող է՝ առկա են վարչարարական բարդություններ, այսինքն՝ մարդը չունի բավարար փաստաթղթեր ազղգության հիմքերն ապացուցելու համար, մի տվյալը սխալ է, մեկ այլ տվյալի հետ պետք է համադրել, պետք է ճշտել։ Այսինքն՝ եթե նայում ենք այս վարչարարության թղթային տրամաբանությամբ, այո, միգուցե, բարդություններ առկա են, սակայն, եթե նայում ենք այն պահանջներին, որոնք առաջադրում է պետությունը ազգությամբ հայերի համար քաղաքացիություն ձեռք բերելու համար, Հայաստանի Հանրապետությունը, ըստ էության, որևէ պահանջ չի առաջադրում։ Եվ սա, իմ մասնագիտական կարծիքով, խնդիր է, և այս խնդիրրը պետք է հասցեագրվի։ Քաղաքացիության հետ կապված նմանատիպ շեշտադրումներ ունենք նաև վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում, սակայն դա միակ կռվանը կամ տրամաբանությունը չէ, այս խոսակցությունները քաղաքացիության ինստիտուտի արժևորման մասով մենք ունեինք դեռևս այն ժամանակահատվածում, երբ դեռ չէր սկսվել վիզաների ազատականացման երկխոսությունը ԵՄ-ի հետ, այսինքն՝ այս խնդիրը նոր չէ մեր օրակարգում, և առաջիկայում մենք նաև կներկայացնեռնք համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագիծ, որը կհասցեագրի այդ խնդիրները»,- մանրամասնել է Արմեն Ղազարյանը։
Նա մատնանշել է քաղաքացիության ինստիտուտի հետ կապված ևս մեկ խնդիր, որը հասցեագրման կարիք ունի։
«Այն անձը, ով դադարեցնում է Հայաստանի քաղաքացիությունը, հնարավորություն ունի 10 րոպե հետո դիմել այդ քաղաքացիությունը վերականգնելու համար։ Արդյոք սա տրամաբանակա՞ն է և նորմա՞լ է։ Կրկին՝ իմ համեստ մասնագիտական կարծքով, ոչ, նորմալ չէ և տրամաբանական չէ։ Եթե անձը դադարեցնում է իր քաղաքացիությունը, իր կամքով ասում է, որ ես այլևս չեմ ցանկանում լինել ՀՀ քաղաքացի, դա նշանակում է, որ քաղաքացին դադարեցնում է այն սոցիալական պայմանագիրը, որն ունի պետության հետ, ասում է՝ ես չեմ ուզում այլևս այդ պայմանագրի մաս լինել։ Բայց շենքի շուրջ մեկ պտույտից հետո քաղաքացին կարող է ասել, չէ, հիմա ես արդեն ցանկանում եմ լինել ՀՀ քաղաքացի։ Ակնհայտ է, որ այստեղ կան այլ դրդապատճառներ, մասնավորապես, անչափահասների քաղաքացիության դադարեցման մասով։ Մենք պետք է անկեղծ խոսակցություն բացենք այս իմաստով։ Այսինքն՝ մեր օրենսդրությամբ անչափահասը կարող է Հայաստանի քաղաքացիությունը դադարեցնել միայն այն դեպքում, եթե ծնողներից որևէ մեկը դադարեցրել է Հայաստանի քաղաքացիությունը։ Խոսում ենք մեր անչափահասների քաղաքացիության դադարի մասին և, մասնավորապես, խոսում ենք արական սեռի անչափահասների քաղաքացիության դադարեցման մասին, և այս հարցը ևս, կարծում եմ, որ քաղաքացիության ինստիտուտի համատեքստում պետք է հասցեագրվի»,- եզրափակել է ՀՀ ՆԳ նախարարի տեղակալը։