Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա
1 րոպեի ընթերցում

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Հաղթանակ թաղամասի մի բնակիչ ապօրինի պահում և իրացնում է թմրանյութ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ-ից հայտնում են, որ տեղեկությունը ստուգվել և հիմնավորվել է։
«Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և սեպտեմբերի 24-ին, դատարանի որոշման հիման վրա, խուզարկություն է կատարվել 54-ամյա տղամարդու բնակության վայրում։ Հայտնաբերվել է էլեկտրական երկու կշեռք, անհայտ ծագման հաբեր, դեղնականաչավուն հետքերով դատարկ և կանեփի սերմերով լցված տարաներ, մեկ տարա՝ սպիտակ լուծույթով և երկուսուկես կիլոգրամ մարիխուանա»,-տեղեկացնում են ՆԳՆ-ից։
Տանտիրոջ նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Հանգամանքները պարզվում են։