Քաղաքականություն

Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ Խորհրդի COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը հաստատակամ է լիարժեք իրականացնել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը. Արփինե Սարգսյանը հանդիպել է ԵՄ Խորհրդի COEST աշխատանքային խմբի պատվիրակությանը

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հանդիպել է Եվրոպական Միության Խորհրդի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով աշխատանքային խմբի պատվիրակության անդամների հետ:

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ անդամ պետությունների դեսպաններ, ՆԳ նախարարության և դիվանագիտական ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՆԳ նախարարությունից հայտնում են, որ Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակության անդամներին ՀՀ–ԵՄ համագործակցության առաջմղմանն ուղղված շարունակական ջանքերի համար։ 

Նախարարը նշել է, որ Եվրոպական Միության հետ ձևավորված սերտ և կառուցողական համագործակցությունն ու համատեղ օրակարգը հնարավորություն են տալիս ապահովել շոշափելի արդյունքներ։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանին Վիզաների ազատականացման գործընթացում ունեցած առաջնորդության, ինչպես նաև ՆԳ նախարարությունում և Ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների համար։

Արփինե Սարգսյանը, որպես վիզաների ազատականացման գործընթացում հայկական կողմի գլխավոր բանակցող, կարևորել է գործընթացի հաջող ընթացքը՝ այն համարելով Կառավարության առաջնահերթ ուղղություններից մեկը։

Նախարարն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու հաստատակամությունը ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի լիարժեք իրականացման հարցում։

Խոսելով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման ժամկետների մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը որպես վերջնաժամկետ նախանշել է 2029 թվականը։

Նրա գնահատմամբ՝ Գործողությունների ծրագրի պատշաճ կատարումն ապահովելու է շոշափելի արդյունքներ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման և առանց վիզայի ռեժիմի ապահովման ուղղությամբ:

Անդրադառնալով Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի առաջնահերթություններին՝ նախարար Սարգսյանն առանցքային է համարել նաև միգրացիայի կառավարումը։ Նրա խոսքով՝ այդ ոլորտում կարևորագույն քայլերից մեկը պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափով նոր կենսաչափական համակարգի ներդրումն է, որի մեկնարկը կտրվի նոյեմբերի 1-ին։

Խոսելով սահմանների համալիր կառավարման մասին՝ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը հանձնառու է ներդնել ինտեգրված համակարգ՝ նպատակ ունենալով անցում կատարել անվտանգության ապահովմանն ուղղված նոր մոդելի։ Մշակվում է նաև սահմանների համալիր կառավարման ռազմավարությունը, որը նախատեսվում է Կառավարության հաստատմանը ներկայացնել մինչև տարեվերջ։

ՆԳ նախարարը պատասխանել է նաև պատվիրակության անդամների հարցերին։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում