Եվրոպական առաջնորդները Ռուսաստանին հայտնել են, որ Եվրոպան ինքն է որոշելու մայրցամաքի անվտանգության ճարտարապետությունը
2 րոպեի ընթերցում

Եվրոպական առաջնորդները Ռուսաստանին հասկացրել են, որ մայրցամաքի անվտանգության ճարտարապետության ապագան չի կարող որոշվել առանց եվրոպական կողմի մասնակցության։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը, այդ հայտարարությունը հաջորդել է ռուս-ուկրաինական հակամարտության բանակցությունների փուլին, որի ընթացքում ռուսական պատվիրակությունը մերժել է քննարկումների բազմակողմ ձևաչափը։
Ռուսաստանն անվտանգության ճարտարապետության հարցը դասել է իր առաջնահերթությունների շարքին, ինչը դժգոհություն է առաջացրել եվրոպացիների շրջանում։ Նրանց կարծիքով՝ դա պարզապես հնարք է՝ ուղղված Ուկրաինայում ընթացող պատերազմից ուշադրությունը շեղելուն և Մոսկվայի վաղեմի հավակնությունները բավարարելուն, այն է՝ վերականգնել մեծ տերության իր կարգավիճակը։
«Ի վերջո, հենց մենք՝ եվրոպացիներս ենք որոշելու, թե ինչպիսին է լինելու մեր անվտանգությունն ապագայում։ Ես դրանում ոչ մի կասկած չունեմ։ Եվրոպան, նախ և առաջ, պետք է հստակ պատկերացում ունենա, թե ինչ է ուզում։ Այս պահին Ուկրաինային աջակցելու հարցում Եվրոպայի դիրքորոշումը միանգամայն հստակ է։ Այժմ մեզ անհրաժեշտ է ձևակերպել կոնկրետ տեսլական՝ մեր խաղաղության ծրագրի և անվտանգության ապագա ճարտարապետության վերաբերյալ»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում առաջնորդների գագաթնաժողովը բացելիս։