Մեկ շաբաթում Հայաստանում հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ
3 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 21-ից 28-ը պարեկները Երևանում և մարզերում հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 21 074 խախտում։ Հայտնաբերվել է 478 ոչ սթափ վարորդ, 430 տրանսպորտային միջոց տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ-ն։
Երևանում արձանագրվել է 5444 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 242 ավտոմեքենա։ Պարեկները հայտնաբերել են 200 ոչ սթափ վարորդի և առանց վարորդական իրավունքի վկայականի 83 անձի։ Արձանագրվել է հաշվառման համարանիշի հետ կապված 36, անվտանգության գոտին չամրակապած վարելու 255, առանց մանկական նստատեղի երթևեկելու 17, վարելու ընթացքում ծխելու 581 և հեռախոսից օգտվելու 189 դեպք։ Ոչ սահմանված վայրով փողոցն անցնելու համար հայտնաբերվել է հետիոտների 1157 խախտում, ինչպես նաև 1950 այլ իրավախախտում։
Մայրաքաղաքում 27 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 80-ը՝ առանց տեխնիկական զննության, 36-ը՝ լուսարձակների անսարքությամբ, ևս 30-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության բաժիններ է տեղափոխվել 108 անձ։
Մարզերում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 15 630 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 188 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 278 ոչ սթափ վարորդ և առանց վարորդական իրավունքի վկայականի 437 անձ։ Հաշվառման համարանիշի հետ կապված արձանագրվել է 58, անվտանգության գոտին չամրակապած վարելու՝ 3762, առանց մանկական նստատեղի երթևեկելու՝ 272, վարելու ընթացքում ծխելու՝ 866, հեռախոսից օգտվելու՝ 771 և արագությունը գերազանցելու՝ 2625 դեպք։ Հայտնաբերվել է նաև ոչ սահմանված վայրով փողոցն անցնելու՝ հետիոտների 323 և 5019 այլ իրավախախտում։
Մարզերում 132 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 571-ը՝ առանց տեխնիկական զննության, 386-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 119-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Վարելիս ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ձայնային ուժեղացուցիչներ օգտագործելու համար տուգանվել է 21 վարորդ։ Տարբեր կասկածանքներով ձերբակալվել և Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տեղափոխվել 36 անձ։