2 րոպեի ընթերցում
Շիրակի մարզի Առափի գյուղում բնակարանային գողություն կատարելու կասկածանքով 23-ամյա երիտասարդ է ձերբակալվել։ Գողոնը, նախնական տվյալներով, իրացվել է Գյումրիում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՆԳՆ-ից, հոկտեմբերի 1-ին հաղորդում էր ստացվել, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում կոտրել են Առափի գյուղում գտնվող՝ քաղաքացու ծնողներին պատկանող անբնակ տան պատուհանի ապակին և գողացել կենցաղային իրեր ու տարբեր սարքեր։
«Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները, համագործակցելով համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնի ծառայողների հետ, պարզել են, որ գողությունը կատարել են Առափի գյուղի 23-ամյա բնակիչը և նրա ընկերը։ Պարզվել է նաև, որ նրանք գողոնը նույն գյուղի 58-ամյա բնակչի միջոցով իրացրել են Գյումրիում։ Հոկտեմբերի 15-ի առավոտյան 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է Առափի գյուղում և ներկայացվել նախաքննական մարմին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը»,-նշված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Կառույցից տեղեկացնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցակցին՝ 22-ամյա երիտասարդին, հայտնաբերելու ուղղությամբ։ Գողոնի մի մասը հայտնաբերվել է։ Նախաքննությունը շարունակվում է։