ՆԳՆ ոստիկանության ծառայողները ձերբակալել են 22-ամյա կնոջն ազատությունից ապօրինի զրկած տղամարդուն
2 րոպեի ընթերցում

Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 19-ին զանգած քաղաքացին հայտնել է, որ քրոջ 36-ամյա փեսացուն նրան զրկել է ազատությունից և պահում է Արտաշատ քաղաքում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՆԳՆ -ից հայտնում են, որ ահազանգին անհապաղ արձագանքած Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի, Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և մարզի պարեկային ծառայողների համատեղ միջոցառումներով պարզվել է, որ Երևանի 36-ամյա բնակիչը 22-ամյա հարսնացուին պահում է Արտաշատ քաղաքի Դուրյան փողոցի տներից մեկում։ Ոստիկանները տեղեկություններ ունեին նաև, որ տղամարդը կարող է զինված լինել։
«Տղամարդը հրաժարվել է ոստիկանների պահանջով բացել տան դուռը, ինչից հետո դեպքի վայր է կանչվել Փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության խումբ։ Ոստիկանների և փրկարարների համակարգված գործողությունների արդյունքում տղամարդն ի վերջո բացել է դուռը։
Ոստիկանները կնոջը տեղափոխել են անվտանգ վայր, իսկ տղամարդուն՝ ձերբակալել։ Տան բազմոցին հայտնաբերված ատրճանակն առգրավվել է։ Իրավիճակին ցուցաբերված օպերատիվ և համարժեք արձագանքի շնորհիվ կանխվել են դեպքի հնարավոր վտանգավոր զարգացումները։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 36-ամյա տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր»,-հայտնում են փրկարար ծառայությունից։