Իրավունք

ՍԴ նախագահի ընտրությունն անցկացվում է տասնօրյա ժամկետում

3 րոպեի ընթերցում

ՍԴ նախագահի ընտրությունն անցկացվում է տասնօրյա ժամկետում

2026 թվականի հոկտեմբերի 12-ին լրացել է Արման Դիլանյանի՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը։ Արման Դիլանյանը կշարունակի պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԴ-ից հայտնում են, որ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում։

«Սահմանադրության 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանն իր կազմից վեց տարի ժամկետով ընտրում է նախագահ՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության ընթացակարգը սահմանված է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածով և Սահմանադրական դատարանի աշխատակարգով։

Ընտրության ժամկետը

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունն անցկացվում է նախագահի թափուր պաշտոն առաջանալու պահից տասնօրյա ժամկետում։

Թեկնածուների առաջադրում

Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածու կարող է առաջադրել Սահմանադրական դատարանի դատավորը, ինչպես նաև թեկնածուն կարող է ինքնաառաջադրվել։

Ընտրություն

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը կատարվում է Սահմանադրական դատարանի՝ այդ նպատակով հրավիրված աշխատակարգային նիստում՝ գաղտնի քվեարկությամբ։

Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա նա ընտրվում է Սահմանադրական դատարանի դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

Երկրորդ փուլ

Եթե առաջադրված երկու կամ ավելի թեկնածուներից ոչ ոք քվեարկության արդյունքով չի ստանում անհրաժեշտ թվով ձայներ, ապա հնգօրյա ժամկետում անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին մասնակցում են առաջին փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Ընտրության երկրորդ փուլի արդյունքով ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է Սահմանադրական դատարանի դատավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությունը։

Նոր ընտրություն

Եթե քվեարկության արդյունքով անհրաժեշտ թվով ձայներ չեն ապահովվում, ընտրությունը համարվում է չկայացած, և կազմակերպվում է նոր ընտրություն»,– նշված է կառույցի տարածած հաղորդագրության մեջ։ 

Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության օրակարգով աշխատակարգային նիստը տեղի կունենա 2026 թվականի հոկտեմբերի 14-ին ժամը 16:00-ին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում