ՍԴ-ն Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ շրջանակային համաձայնագիրը. որոշումը հրապարակվել է
1 րոպեի ընթերցում

ՀՀ Սահմանադրական դատարանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՍԴ-ն հրապարակել է որոշումը:
Սահմանադրական դատարանը հարցի քննությունը սկսել էր սեպտեմբերի 15-ին՝ գրավոր ընթացակարգով, և որոշումը կայացվել է նույն օրը: Գործով զեկուցողը դատավոր Էդգար Շաթիրյանն էր։
ՍԴ-ի կողմից՝ Սահմանադրությանը համապատասխանող համարվող փաստաթուղթն ուղարկվում է Ազգային ժողով վավերացման։
Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը Երևանն ու Վաշինգտոնը նախաստորագրել էին մայիսի 26-ին։ Ստորագրման գործընթացն ավարտվել էր հունիսի 4-ին՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ստորագրություններով։ Հուլիսին Կառավարությունը հավանություն էր տվել համաձայնագիրը վավերացնելու նախագծին։