«Գորիս» տարածքային բաժնի օպերատիվ ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին
1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Գորիս» տարածքային բաժնում ստացվել են տեղեկություններ այն մասին, որ կարճատև տեսակցության ընթացքում քաղաքացին փորձելու է արգելված իրեր փոխանցել դատապարտյալին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ իրացնելով ստացված տեղեկությունները՝ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկ այցելած քաղաքացին ենթարկվել է անձնական խուզարկության:
«Արդյունքում՝ վերջինիս մոտից հայտնաբերվել են մարմնում թաքցված կապույտ, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որի մեջ առկա են եղել 1 բջջային հեռախոս և երկու առանձին փաթեթ՝ ընդհանուր 5.67 գրամ քաշով, թմրամիջոցին նմանվող կանաչ, բուսական, չորացված զանգվածով»,-տեղեկացնում են քրեակատարողական հիմնարկից՝ հավելելով, որ քաղաքացին «Գորիս» տարածքային բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել է և հայտնաբերված փաթեթի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին: