ՆԳ փոխնախարարի կարծիքով՝ ՀՀ քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է և կարգավորման կարիք ունի
1 րոպեի ընթերցում

Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է համարում, որը ոչ մի զտում չի ենթադրում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արմեն Ղազարյանը նշել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ նախարարության 2025 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացման ժամանակ։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարների հետ կապված էլի ունենք ինստիտուցիոնալ խնդիր․ մենք կարծում ենք, որ այդտեղ բավականին խնդրահարույց է քաղաքացիության վերականգնման ինստիտուտը, որը ոչ մի զտում չի ենթադրում։ Այսինքն՝ եթե չափահաս անձը դադարեցրեց իր քաղաքացիությունը, դրա բերումով դադարեցրեց նաև իր անչափահաս երեխայի քաղաքացիությունը, այնուհետև այդ անձը կարող է հաջորդ վայրկյանին դիմում ներկայացնել իր քաղաքացիությունը վերականգնելու համար։ Մենք կարծում ենք, որ դա խնդրահարույց կարգավորում է կամ ավելի շուտ այդ կարգավորմանը երբեք ուշադրություն չի դարձվել, սակայն մենք հիմա դրան ուշադրություն ենք դարձնում և կկարգավորենք այն»,-ընդգծել է Արմեն Ղազարյանը։