Հայաստանում նկարահանվում է նոր սիրային մելոդրամա
2 րոպեի ընթերցում

Սեր, դավաճանություն, ապրումներ և իրավիճակներ, որոնք ունեն բացատրության կարիք․ Հայաստանում նկարահանվում է նոր սիրային մելոդրամա՝ «Հպում», որտեղ առաջ են բերվում սիրո և պատասխանատվության թեմաները։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գլխավոր դերերում են Դիանա Մալենկոն, Լուիզա Ներսիսյանը, Սոս Ջանիբեկյանը և Լևոն Հախվերդյանը։

Հիմքում Պատրիկ Մարբերի պիեսն է, իսկ հայկական տարբերակի ռեժիսոր և պրոդյուսեր Նարեկ Ներսիսյանի խոսքով՝ սցենարը գրելիս աշխատել են այն համապատասխանեցնել ժամանակակից հայերի մենթալիտետին:
«Երկար ժամանակ ստեղծագործական դադար ունեի, և որոշեցի անդրադառնալ հենց այս թեմային, քանի որ կարծում եմ՝ այն շատ արդիական է։ Հայ հասարակության մեջ կան այն հերոսները, որոնք ներկա են ֆիլմում և այն բոլոր փոխհարաբերությունները, որոնք նրանք ապրում են։ Հայկական տարբերակում բովանդակային ավելի հարստացված է, որովհետև տեսարաններ կան, որոնք ավելացել են Անահիտ Աղասարյանի և դերասանների հետ աշխատանքի արդյունքում»,-նշեց ռեժիսորը։

Սոս Ջանիբեկյանը ֆիլմում մարմնավորում է բժիշկ Լևոնին, որը հասարակության մեջ հաստատված անձնավորություն է, սակայն հանգամանքների բերումով սիրային քառանկյունու մաս է կազմում։ Լուիզա Ներսիսյանը ֆիլմում լուսանկարիչ Աննան է, որն ունի անցյալից ոչ դրական հետքեր, բայց հոգեբանորեն ամուր կերպար է։ Դիանա Մալենկոն նորովի է բացահայտվելու հասարակության համար՝ խաղալով էությամբ մաքուր, բայց հասարակության համար ոչ ամբողջությամբ հասկանալի կերպար։

Սիրային քառանկյունին ամբողջացնում է դերասան Լևոն Հախվերդյանը, որը երիտասարդ լրագրող է, ունի նպատակներ և չբացահայտված մղումներ։ «Հպում» սիրային դրաման պատմում է Դանի, Ալիսի, Աննայի և Լևոնի սիրային քառանկյունու մասին։ Դանի ու Ալիսի պատահական հանդիպումը վերածվում է սիրո, սակայն Դանը հրապուրվում է Աննայով։ Ֆիլմի բեմադրող ռեժիսոր և պրոդյուսերը Նարեկ Ներսիսյանն է, երկրորդ ռեժիսոր՝ Սասուն Մելիքյան, բեմադրող օպերատոր՝ Ֆելիքս Շախտոյան, կրեատիվ պրոդյուսեր և PR պատասխանատու՝ Արմինե Բրսոյան։